Նոր նախագծով հնարավոր կլինի կահավորել մարզային ճանապարհներն ու կարգավորել երթևեկությունը

ՌՌոզա Խաչատրյան

Ճանապարհային նշանների կահավորումը Երևանում դժգոհություններ գրեթե չի առաջացնում: Մինչդեռ մարզերում այլ պատկեր է: Իրավիճակը հաճախ պատճառ է դառնում ողբերգական վթարների: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հանդես է եկել խնդիրը կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ:

Վաղարշակ Հակոբյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Օրենքի սկիզբը եղավ այն ուսումնասիրությունը, որը մենք արեցինք՝ պարզելու, թե ով է պատասխանատու միջհամայնքային ճանապարհների ճանապարհային նշանների տեղադրման համար: Այդ ուսումնասիրության ժամանակ պարզեցինք, որ մեր համայնքների զգալի մասում ճանապարհային նշաններն իսպառ բացակայում են:

Նախագիծը մշակելիս պարզել են, որ շատ վթարների դեպքում մեղավորին գտնելը գրեթե անհնար է դառնում, քանի որ իրական պատճառը հենց ճանապարհային նշանների բացակայությունն է:

Վաղարշակ Հակոբյան - Ծանոթ եմ մի քանի գործի, երբ վթար էր տեղի ունեցել ճանապարհային նշանի բացակայության պատճառով և հնարավոր չէր լինում պարզել՝ ով է մեղավոր: Ի վերջո՝ պարզվեց, որ երկու վարորդն էլ հավասարաչափ մեղավոր են կամ անմեղ, քանի որ վթարը տեղի էր ունեցել ճանապարհային նշանի բացակայության պատճառով:

Ըստ վիճակագրության՝ 2019 -ի հունվարի 1-ից մինչև 2020-ի մարտի 5-ը հանրապետությունում տեղի է ունեցել 5481 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 386, վնասվածք ստացել՝ 7827 մարդ: Վթարների մի մասը տեղի է ունեցել ճանապարհային նշանների բացակայության պատճառով:

Նախագծում Երևանը ներառված չէ: Իսկ մարզերում արդեն հնարավոր կլինի պարզել, թե ով է թերացել կամ ով խախտել ճանապարհային երթևեկության կանոնը:

Վաղարշակ Հակոբյան - Օրենքով հնարավորություն չէր տրվում պարզել, թե որ գերատեսչությունը չի կատարել իր աշխատանքը: Հիմա մենք այս օրենքով սահմանում ենք տրանսպորտի բնագավառի լիազոր մարմին, որը լինելու է Տարածքային կառավարման նախարարությունը:

Համայնքը պետք է որոշի և լիազոր մարմնի հաստատմամբ կազմի ճանապարհային նշանների միջհամայնքային քարտեզ, անվտանգության մասով այն համաձայնեցնի ոստիկանության հետ:

Վաղարշակ Հակոբյան - Այլևս անհնար է լինելու մի գերատեսչությունից մեղքը մեկ այլ գերատեսչության վրա գցելու նուրբ արվեստը:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է, երկրորդն ու ամբողջականը նախատեսվում է առաջիկա քառօրյային: Կառավարության դիրքորոշումը դրական է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում