ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 6-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում «Հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր տարիքի դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա» թեմայով: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթության և այլ ոլորտների փորձագետներ, հոգեբաններ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշել է, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել աշակերտների ծնողներից և ուսուցիչներից՝ քննարկելու համար հեռավար կրթությանը վերաբերող հարցերը: Համավարակի ընթացքում արդյունավետ չէր քննարկել գործընթացը, քանի որ այն կատարման փուլում էր, նշել է Սամսոնյանը՝ հավելելով, որ դեռևս շարունակվում է համավարակը, և կարող են լինել իրավիճակներ, երբ կարիք լինի վերստին անցնելու հեռավար ուսուցման: «Կարիք կա քննարկելու նաև արձանագրված խնդիրները, մարտահրավերները և գտնել դրանց լուծումները»,- ասել է նա:
«Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը և ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը տեղեկացրել են, որ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվել է ծրագիր՝ «Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետությանը՝ հեռավար կրթության գործընթացներում» խորագրով, որին մասնակցել են փորձագետներ, հոգեբաններ և այլ մասնագետներ: Ծրագրի նպատակն է եղել ուսումնասիրել ճգնաժամային իրավիճակում հեռավար կրթության խնդիրները և աջակցել պետությանը: Հետազոտությանը, որն անցկացվել է օգոստոս-սեպտեմբերին, մասնակցել են տարրական դասարանների ուսուցիչներ, աշակերտներ, հոգեբաններ և ծնողներ: Նրանք իրենց կարծիքներն են հայտնել մարտ-մայիսին իրականացված հեռավար կրթության վերաբերյալ: Հարցաշարին պատասխանել է 366 ուսուցիչ հանրապետության բոլոր մարզերից: Այսպես, հեռավար կրթության իրականացման ընթացքում արձանագրվել են որոշակի խնդիրներ: Բազմաթիվ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ նշել են, որ հեռավար կրթության իրականացման ընթացքում իրենք բախվել են տարատեսակ խնդիրների, նաև ապրել հոգեբանական, սթրեսային և տագնապային պահեր: Ուսուցիչների մեծ մասն ավելի շատ ժամանակ է հատկացրել դասերի անցկացման, առաջադրանքների ստուգման վրա: Երեխաների մի մասը եղել է պասիվ, նրանք հաճախ բացակայել են դասերից: Խնդրահարույց են եղել ինտերնետ կապի, թվային սարքերի բացակայությունը կամ անորակությունը: Ըստ Արմենուհի Բուրմանյանի՝ տարրական դպրոցների ուսուցիչների 63 տոկոսն անարդյունավետ է գնահատել առցանց կրթության որակը, արդյունավետ՝ 18 տոկոսը:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի տեղեկացմամբ՝ համավարակի ընթացքում առցանց կրթություն է ստացել աշակերտների մոտ 80 տոկոսը, մնացած մասը չի մասնակցել դասերին, քանի որ չեն ունեցել կամ ինտերնետ, կամ համապատասխան սարքավորումներ:
«Առցանց կրթության իրականացման հարցում խնդիր է եղել դասավանդման մեթոդաբանությունը, քանի որ ուսուցիչների մեծ մասը ոչ ստանդարտ իրավիճակում շարունակել է դասը վարել առկա դասավանդման մեթոդներով»,- պարզաբանել է Ալեքսանդր Շագաֆյանը: Տեսչական մարմինն ուսումնասիրել է 11 ուսումնական հաստատություններում սովորող մոտ 500 աշակերտի աշխատանքների արդյունքները՝ կատարված 2018-19 և 2019-20 ուսումնական տարիներին մաթեմատիկա առարկայից: Ստացված պատկերն ավելի քան մտահոգիչ է. 2019-20 թվականների արդյունքներով աշակերտների 62 տոկոսն անբավարար գնահատական է ստացել: Անբավարար գնահատականներ ստացած աշակերտների կեսից ավելին 11-րդ դասարանի սովորողներ են: Նման ցուցանիշը պայմանավորված է նաև առցանց կրթության կազմակերպման անարդյունավետությունից:
Քննարկման մասնակիցները կարևորել են ուսուցիչների վերապատրաստումն ու դասավանդման մեթոդաբանության փոփոխումը առցանց եղանակով դասավանդելու պարագայում:
Դրական գնահատելով ծավալված մասնագիտական քննարկումը՝ Անի Սամսոնյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու ոլորտի մասնագետների հետ և աջակցել օրենսդրական նախաձեռնություններով:










