ԳԳայանե Թամամյան

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար 2 շենք է կառուցում

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար 2 շենք է կառուցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Արդյունքում կլուծվի աղետի հետևանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը, ովքեր նոր կյանք կսկսեն հարմարավետ ու կահավորված բնակարաններում:

Գյումրու ավագանու որոշմամբ՝ ծրագրի իրագործման նպատակով Մուշ-2 թաղամասում 5800 քմ հողատարածք է տրամադրվել, որից շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 4200 քմ է: Կստեղծվի կանաչապատ տարածք, որը կծառայի թաղամասի մյուս բնակիչներին ևս:

Շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից՝ Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

«Մենք ունենք հսկայական շահառուների ցանկ, ովքեր տարիների ընթացքում դիմել են Հիմնադրամին: Հընթացս` այս մեկուկես տարվա ընթացքում, մենք մանրակրկիտ ու զգույշ աշխատանք կկատարենք, որպեսզի լիովին ուսումնասիրենք շահառուների ցանկն ու բնակարաններ տրամադրենք ամենակարիքավորներին»,- ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արևային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արևային վահանակների տեղադրումը ևս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։

Կլուծվի նաև տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արվեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար`նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու և աշխատելու հնարավորություն:

Ակնկալվում է շենքերը շահագործման հանձնել 2022 թվականի կեսերին: 

«Մեր Գյումրի» ծրագրի մեկնարկը նախատեսված էր տալ անցած տարվա սեպտեմբերին, բայց պատերազմի պատճառով հետաձգվեց թե՛ տենդերը, թե՛ շինարարությունը:

«Հուսանք՝ ամեն ինչ կընթանա ըստ նախատեսվածի, և արդյունքը շատ սպասեցնել չի տա»,- հավելել է Հիմնադրամի գործադիր տնօրենը:

Նախատեսվում է բնակարանաշինական այս ծրագիրը դարձնել շարունակական՝ աստիճանաբար ազատվելով տնակներից:

Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2012-2019 թթ. 45 բնակարան է հանձնել երկրաշարժի հետևանքով իրենց տունը կորցրած ընտանիքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում