Ապրիլի 6-ին կկայանա աուտիզմով երեխաների ու հայտնի արտիստների համերգ

Գույներն ու տրամադրությունը 18-ամյա Էդվինից: Աուտիզմով տղայի բոլոր զգացմունքները կտավին են փոխանցվում: Աուտիզմ ունեցող մարդու տաղանդը գնահատող գնորդներն օնլայն հարթակում շտապում են ձեռք բերել Էդվինի աշխատանքները:

Նելիի Հունանյան, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի դեռահասների ծրագրի համակարգող - Բավականին տաղանդավոր երիտասարդ է, երկար ժամանակ է՝ ինչ հաճախում է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն: Հիմա նա այստեղ չէ, որ ներկայացնի իր գեղեցիկ ստեղծագործությունները, սովորում է Թերլեմեզյան ուսումնարանի 2-րդ կուրսում:

Ապրիլի 6-ին «Իմ ուղին» ուսումնավերակնգնողական կենտրոնում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն թե՛ Էդվինի, թե՛ աուտիզմ ունեցող այլ տաղանդավոր պատանիների ստեղծագործություններ: Կավե սպասքից, մինչև զարդեր, բացիկներ, շարֆեր: Կենտրոնի դեռահասների բաժնում սաները և՛ սովորում են, և՛ աշխատում:

Նելիի Հունանյան - Աուտիզմի համախտանիշ ունեցող տաղանդավոր երեխաներ ավելի հազվադեպ են հանդիպում, սակայն, այնուամենայնիվ, նրանք կարող են բացառիկ տաղանդ ցուցաբերել ինչպես նկարչության ոլորտում, այնպես էլ, օրինակ, երաժշտության բնագավառում: Կարող են լինել նաև տաղանդավոր ծրագրավորողներ:

Աուտիզմի իրազեկմանը նվիրված համերգին հայտնի արտիստների հետ հանդես կգա նաև աուտիզմ ունեցող Ռաֆայելը: Այս ձևաչափով առաջին համերգը չէ:

Նաիրա Սարգսյան, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երաժշտաթերապիստ - 2019 թվականին տեղի ունեցավ առաջինն իր ձևաչափով երաժշտական, ներառական փառատոն, որը ՀՀ կրթության նախարարության կողմից աջակցություն ստացավ, «Աուտիզմ» ազգային հիմնադրամը ներկայացրեց և հավաքեց բոլոր կենտրոնների սաներին, ովքեր ունեին երաժշտական տաղանդ:

Ինչպե՞ս էր հնարավոր կորոնավիրուսի և հատկապես լոքդաունի պայմաններում շարունակել ու իրականացնել ծրագրեր, որոնց հեռավար տարբերակն ի սկզբանե նույնիսկ հնարավոր չէր պատկերացնել: Ոչ միայն աուտիզմով, այլ նաև բնականոն զարգացում ունեցող երեխաների դեպքում մեկուսացումը բացասական է ազդում՝ ասում են մասնագետները: Այս դեպքում նույնիսկ իրական միջավայրում է դժվար կոնտակտ հաստատել և աշխատել: Ստիպված էին հեռավար ուսուցման նոր ծրագրեր մշակել:

Ալվինա Հայրապետյան, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան - Այստեղ մենք հիմնական նպատակ դրեցինք ծնողին ներգրավել, ծնողին դարձնել մասնագետ, որպեսզի շեշտադրումները, որ ի սկզբանե կարևորվել են, ծնողը շարունակի տանը:

Կենտրոնի սաներն այսօր շատ զբաղված են: Կարևոր օր է, հյուրեր են գալու: Ցուցահանդեսից բացի կենտրոնի տասը սան անմոռանալի համերգ է խոստանում՝ իրենց ընկերների հետ՝ Ռուբեն Հախվերդյանը, Արմեն Հյուսնունցը,«Լավ էլի» խումբը վաղուց նրանց ընկերներն են: Մուտքն ազատ է բոլորի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում