Ուսուցումից հետո երաշխավորված աշխատանք. պետությունն ընդլայնում է զբաղվածության ծրագրերը

ՆՆարե Ոսկանյան

Պետական ծրագրերով աշխատանքային փորձառություն կամ մասնագիտական ուսուցում անցած քաղաքացիները առնվազն մեկ տարի աշխատանք փնտրելու կարիք չեն ունենա: Կառավարության առաջարկած նախագծով գործատուն կպարտավորվի իր մոտ ուսանած շահառուի հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր կնքել:

Ժորա Սարգսյան (ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Ունենք վիճակագրություն, որ ծրագրի ավարտից հետո 60-70 տոկոսն էր հետագայում ունենում անմիջապես աշխատանք կամ մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում աշխատանք, և մենք այս նախագծով ուզում ենք այդ տոկոսը հասցնել առավելագույնի:

2020-ին երկու ծրագրում ընդգրկվել է 924 շահառու:
 
Բժիշկ-կոսմետոլոգ Արևիկ Կոտոլիկյանի աշխատանքային փնտրտուքներն ավարտվեցին Զբաղվածության պետական գործակալություն դիմելով: Վերապատրաստվեց, առավել մրցունակ դարձավ, փնտրեց ու այս անգամ գտավ իրեն հարմար աշխատանք:

Արևիկ Կոտոլիկյան (կոսմետոլոգ-դիմահարդար) - Երբ ես էի սովորում 2019 թվականին, ինձ ժամանակ էր պետք, մոտ երեք ամիս հետո նոր ես գտել եմ իմ աշխատանքը:

Նոր փոփոխությամբ պետությունը քաղաքացու կողքին է ամբողջ գործընթացի ընթացքում՝ ուսուցումից մինչև աշխատանքի տեղավորում: Փորձառության ծրագիրը 6 ամիս կտևի, պետությունը գործատուին ամսական 25000 դրամ փոխհատուցում կտա: Ուսուցման դեպքում՝ 40000 դրամ:

Ժորա Սարգսյան - Երբ մեր շահառուն ստանում է վկայականը, գործատուն պարտավորվում է կնքել իր հետ մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր, և տվյալ պարագայում մենք աջակցում ենք, որ նա առաջիկա երեք ամիսների աշխատավարձից բխող հարկերը վճարի շահառուի աշխատավարձից բխող: Յուրաքանչյուր ամիս ոչ ավել, քան 25 հազար դրամի չափով:

Որ գործատուն ծրագրին դիմելուց հետո ստիպված չլինի նորի հետ պայմանագիր կնքելու համար հին աշխատակցին ազատել, նախագծով հստակ սահմանում են՝ Զբաղվածության պետական գործակալության հետ կարող են գործակցել, եթե թափուր հաստիք ունեն: Գործատուն նաև ընտրելու հնարավորություն կունենա. նախապես կներկայացնի պահանջները, գործակալությունն էլ ըստ այդմ շահառուների ցուցակ կտրամադրի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում