Տարվա բժիշկները. մոտ 100 բժիշկ արժանացել է «Որակի նշան 2020» մրցանակի

Այդ հիմա իրեն կարող է թույլ տալ որոշ ժամանակ ազատ հագուստով լինել: Ստեփանակերտի հանրապետական բուժկենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչը 44 օրում 44 ժամ էլ չի քնել կամ սպիտակ խալաթը հանել: Ձեռքին մրցանակներն են, բայց մտքին լրիվ ուրիշ բան՝ այն տղաները, ում գիշեր-ցերեկ վիրահատել են: Գրիգորի Առուստամյանը «Որակի նշան» մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա բժիշկ» մրցանակի, բայց իր մրցանակը միս ու արյունով, ողջ ու առողջ տղաներն են: 

Գրիգորի Առուստամյան (ԱՀ հանրապետական ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ) - Ընդամենը 2 օր առաջ մի տղա մոտեցավ, և վիրավորներ ունեինք, որոնց անուն, ազգանունը չգիտեինք, և անհայտ համարներով նշում էինք և ուղարկում, ներկայացավ, որ ինքը անհայտ համար 5-ն է, արդեն անունով ներկայացավ: Դա աննկարագրելի հուզիչ էր, նա որոնում էր, որ գտներ իր վիրահատող բժշկին: Բնականաբար, չէինք կարող իմանալ՝ ով էր վիրահատել, որովհետև մեծ քանակով այդ հոսքերի ժամանակ չէինք կարող հիշել՝ ով ինչ էր արել:

Ինչպես պատերազմի օրերին էին բոլոր հաղթանակները թիմային, այնպես էլ այս մրցանակը բժիշկը համարում է թիմի ձեռքբերում:

Գրիգորի Առուստամյան - Ամեն մի բուժաշխատող ունի իր բյուրեղը այդ մրցանակի մեջ:
 
Համեստություն է անում, բայց երբ վերջին պահին բժիշկն ընտրության առաջ է կանգնել՝ Շուշիից՝ իր տնից, իրե՞րը վերցնել, գոնե մի հուշ, մի լուսանկար, թե՞ ևս մեկ զինվորի կյանք փրկել, վերջինն է ընտրել: Կորցրել է ամեն ինչ, որ ուրիշները հարազատներին հանկարծ չկորցնեն:

Գագիկ Հեբոյանն է: Վիրահատարան է մտնում հերթական սիրտը «նորոգելու»: Պատերազմի օրերին բժիշկն Արցախում չի եղել, բայց Արցախից բերված բազմաթիվ տղայի սիրտ է նորից բաբախել այս ձեռքերի մեջ:
 
Գագիկ Հեբոյան - Իմ ընկերներից մեկը ինձ զանգեց պատերազմի օրերին: Էդ օրը 4 վիրահատություն ունեինք, հեռախոսը չէի վերցրել: Հաջորդ օրը զանգեց, ասում ա՝ երկրում պատերազմական դրություն ա, բայց մոռացել էի, որ ձեր մոտ 12 ամիսն ա պատերազմական օրեր: 

Նոր տարի, ծննդյան տոն, ընտանեկան միջոցառումները հիվանդանոցում անցկացրած բժիշկը մրցանակների մասին մտածելու նույնիսկ ժամանակ չունի: Նա էլ է արժանացել «Տարվա բժիշկ» մրցանակի: Մեկ շաբաթվա մեջ սա Հեբոյանի երկրորդ մրցանակն է՝ «Համազգային վստահություն»-ից հետո: 

Մրցանակներով հպարտանում է միայն մայրը: Բժշկի համար մրցանակներն այդքան չի կարևորւմ, անկախ ամեն ինչից շարունակելու է նվիրված աշխատել: Նրա կյանքում կարևոր դեր է խաղացել անվանի սրտաբան Հրայր Հովակիմյանը: Մասնագիտությունը սիրել, մասնագիտությունով ապրել հենց նա է սովորեցրել:

Գագիկ Հեբոյան - Եթե չսիրես մասնագիտությունդ, գործդ չսիրես, շատ արագ կհոգնես: Ֆիզիկապես շատ ենք հոգնում, բայց էդ հոգնածությունը երբեք ռեսուրսների վրա չի ազդում, որովհետև սիրում ես մասնագիտությունդ:
 
Սեփական գործից ուժ ու էներգիա ստացող այս մասնագետների համար նախորդ տարին շատ բարդ էր. ստիպված էին երկու ճակատով պայքարել: «Որակի նշան 2020»-ը այս տարի մրցանակներ էր շնորհում Քովիդ 19-ի ու պատերազմի հետևանքների դեմ պայքարած նվիրյալներին:

Արժանավորների անուններն ընտրել են Հայկական բժշկական ասոցիացիայի, հետազոտությունների և հասարակության տված գնահատականների հիման վրա: «Որակի նշանի» գնահատանքին է արժանացել Արցախից ու Հայաստանից մոտ 100 բժիշկ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում