Մինչև ՀՀ-ը դիվանագիտական և ռազմական առումով ինքնաբավ չլինի, կոմունիկացիաների բացումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից. Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանական հայտարարությունների ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում երկու «մարդակեր» երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի վարքագծին, որոնք, ըստ նրա, ընդունելի չեն միջազգային կառույցների կողմից:
Նա նշեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում ՀՀ-Թուրքիա սահմանին կամ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի ղեկավարը կամ, ըստ նրա, կովկասյան թաթարների ղեկավարն ամեն օր սպառնում է ամենալկտի ձևով, և այս իրավիճակում Հայաստանի իշխանությունն ասում է, որ պետք է ճանապարհները բացվեն, պետք է երկաթգիծ կառուցվի:
«Ստացվում է, որ բարբարոսը կացնով կանգնած մեր դռան դիմաց, մեզ սպառնում է, իսկ իշխանությունն ասում է՝ ոչ, պետք է գնանք բարելավման: Մինչև ՀՀ-ը թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական առումով ինքնաբավ չլինի՝ գոնե կիսով չափ, ճանապարհների և կոմունիկացիաների բացումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից»,- նշեց Աբովյանը:









