ԼԼիլիթ Գասպարյան

Կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղանի մասնակիցների հետ

Կաթողիկոսը հանդիպել է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղանի մասնակիցների հետ

Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի և Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի։

 

Հանդիպմանը Ռուբեն Միրզախանյանը տեղեկություններ է հաղորդել կլոր սեղան-քննարկման արդյունքների վերաբերյալ։ Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակություն արտահայտելով կարևոր այս նախաձեռնության կազմակերպման առիթով։

 

 

Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել  ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։

 

Նորին Սրբությունը տեղեկացրել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության և սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։

 
Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված ռազմավարությանը, մասնավորապես պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին՝ հույս հայտնելով, որ այս երևույթները կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատշաճ գնահատականի։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում