ՄՄկրտիչ Կարապետյան

Նախկին իշխանության հերթական ձախողված ծրագիրը. Կառավարությունը փակեց պետական լոտոն

Նախկին իշխանության հերթական ձախողված ծրագիրը. Կառավարությունը փակեց պետական լոտոն

Հայաստանի նախկին Կառավարության հերթական ներդրումային ծրագրերից մեկը ձախողվել է, ու մարտի 18-ին կառավարությունը որոշում կայացրեց փակել դրա համար հիմնած պետական ընկերությունը՝ «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որի հիմնադրման մասին ազդարարվել էր 2011-ին։ 

Պետության և մասնավոր ընկերության կողմից 2011-ին հիմնադրվել էր «Պետական լոտո» ՓԲԸ-ն, որը պետք է ազգային վիճակախաղ ներդներ ու հիմներ շահումով խաղերի սարքավորումների վերահսկողության միասնական համակարգ։ 10 տարի անց Հայաստանում ոչ ազգային վիճակախաղն է ստեղծվել, ոչ էլ շահումով խաղերի վերահսկողության միասնական համակարգ է ներդրվել: 

Ինչպես էր կառավարությունը փորձում ստեղծել պետական լոտո

«Պետական լոտո» ՓԲԸ-ն հիմնվել է 2011-ի հոկտեմբերին՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Վիճակախաղերի վերահսկման համակարգի ներդրման ու պետական վիճակախաղի հիմնման նպատակով ստեղծված ընկերությունը, ըստ կառավարության, պիտի ունենար 200 միլիոն դրամ կանոնադրական կապիտալ։ «Պետական լոտո»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է կառավարությանը, իսկ մյուս 50 տոկոսը «Ամայա-Արմենիա» ՍՊԸ-ին, որը Կանադայում գրանցված «Ամայա գեյմինգ գրուպ»-ի հիմնադրած ընկերությունն էր։ «Ամայա գեյմինգ գրուպ»-ը շահումով խաղերի, վիճակախաղերի ու ինտերնետ խաղերի խոշոր ընկերություն է՝ հիմնված Կանադայում։ Այժմ ընկերությունը կոչվում է «Սթարս գրուպ»։ Ըստ կառավարության որոշման և «Ամայա-Արմենիա»-ի միջև ստորագրված պայմանագրի՝ ընկերության կանոնադրական կապիտալը պետք է կազմեր 200 միլիոն դրամ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք սակայն, որ «Պետական լոտո»-ի երկու բաժնետերերից մեկը՝ կա’մ պետությունը, կա’մ մասնավորը չեն կատարել իրենց պարտավորությունն ու կանոնադրական կապիտալում գումար չեն ներդրել։ 

Վիճակախաղը Հայաստանում հատուկ լիցենզավորման ենթակա գործունեություն է, սակայն «Պետական լոտո»-ն կամ «Ամայա-Արմենիա»-ն այդպես էլ չեն լիցենզավորվել որպես վիճակախաղեր կազմակերպող ըներություններ։ Ըստ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալների՝ «Պետական լոտո»-ն վերջին 3 տարիներին ունեցել է միայն մեկ աշխատակից։ Միակ աշխատակիցը ընկերության տնօրենն է՝ Սեդա Նահապետյանը, որը նշանակվել է այս տարվա սկզբից։ 

Հիմնելով «Պետական լոտո»-ն՝ կառավարությունն ակնկալում էր, որ ընկերության գործունեության ու համապատասխան պայմանագրի իրականացման դեպքում 2012-ին պետական բյուջեն կավելանա 2, իսկ 2103-ին՝ 7 միլիարդ դրամով։ Կանադական ընկերության հայաստանյան դուստր ընկերությունն իր հերթին գործունեությունը Հայաստանում դադարեցրել է 2014-ին։ 

Կառավարությունը լուծարում է «Պետական լոտո»-ն

Հարցն ընդգրկված էր կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող ընթացակարգով։ Ֆինանսների նախարարությունը որոշման հիմնավորումներում նշել է՝ «վերջին տարիներին ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում ու դրա հետագա գոյությունը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության համատեքստում գնահատվում է ոչ նպատակահարմար»։ ՓԲԸ-ի գործունեության տապալման մանրասներ համապատասխան որոշման մեջ չեն նշվում։ Կառավարությունը հայտնել է նաև, որ ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծվել է, հարկային պարտավորությունները մարվել, ընկերությունը շարժական ու անշարժ գույք չունի, իսկ բանկային հաշվում առկա դրամական միջոցները կազմում են 30 միլիոն դրամ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում