Կորոնա վիճակագրությունը սարսափելի է, սակայն, առայժմ, լոքդաունի վերադառնալու հարց չի քննարկվում

Ընդամենը 35 ազատ մահճակալ է մնացել, Քովիդով հիվանդների համար՝ երկրում այսօրվա դրությամբ առանձնացված 1 267 տեղից 1 232-ը զբաղված է՝ ահազանգում են Առողջապահության նախարարությունից: Այս պահին կորոնավիրուսով հոսպիտալացվող անձանց սպասարկող 11 բուժկենտրոն ունենք՝ ներառյալ Սպիտակի ու Կապանի հիվանդանոցները, երեխաների համար՝ Երևանում Մուրացանի նորածնային բաժանմունքն ու Արաբկիրի ինֆեկցիոնը: Բայց ըստ համաճարակաբանների՝ այս տեմպով մի քանի օր և դա էլ կարող է չբավականացնել:

Ռոմելլա Աբովյան, ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ - Մահճակալային ֆոնդն սպառվում է, լուրջ ցուցանիշ ունենք հոսպիտալացման: Եթե չձեռնարկվեն միջոցառումներ, մոտակա 7 օրերին կարող ենք ունենալ լրացուցիչ 5000-ից ավելի դեպք:

Ռիսկային շեմին մոտենալու հետ մասնագետներն ուժեղացնում են վերահսկողությունը: Խիստ սահմանափակումներին, լոքդաունին վերադառնալու հարցը, սակայն, առայժմ չի էլ քննարկվում: Վարակի առաջին փուլի նման տեքստիլ ձեռնարկությունում կամ այլ տնտեսվարողների մոտ օջախային բռնկումներ չունենք: Վիրուսը համատարած է մայրաքաղաքում ու մարզերում գրոհի անցել՝ հիվանդացության թարմացված վիճակագրություն է ներկայացնում Ռոմելլա Աբովյանը:

Ռոմելլա Աբովյան - Որոշ մարզերում վերջին 14 օրում արձանագրվել են ավելի շատ դեպքեր՝ Կոտայք, Երևան, Լոռի, Արագածոտն:

Ամփոփ վերջին տվյալով՝ մինչև 1.5 անգամ աճել են նաև կորոնայով երեխաների վարակվելու դեպքերը: Այդուհանդերձ, Առողջապահության նախարարության պատասխանատուները դեռ դպրոց-մանկապարտեզները փակելու կամ հեռավար ռեժիմի վերադարձնելու կարիք չեն տեսնում: Իրավիճակը վերահսկողության տակ է՝ ասում են. ուսումնական հաստատությունները, որտեղ մեծ թվով Քովիդ-բացականեր կան՝ ինքնակամ անցնում են օնլայն դասերին:

Ռոմելլա Աբովյան - Կան դպրոցներ և մանակապարտեզներ, որ Քովիդի դեպքերի որոշակի տոկոս հայտնաբերման դեպքում անցնում են հեռակա ուսուցման, կան որոշ դասարաններ են ուղարկել հեռակա՝ Երևանում և մարզերում:

Աշակերտներին, ուսուցիչներին ու ամբողջ բնակչությանը բժիշկների հորդորն է հետևել կորոնայի կանխարգելման կանոններին. հեռավորություն պահել, դիմակ կրել, հաճախակի ախտահանել ձեռքերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում