Ավարտվող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Ավարտվող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Այս շաբաթվա կարևոր ու հետաքրքիր իրադարձությունները մեկտեղել է Հովհաննես Վարդանյանը: 

Գարնան երկրորդ շաբաթը սկսվեց գեղեցիկ տոնով: Աշխարհը մարտի 8-ին նշում է Կանանց միջազգային օրը: Ոչ միայն ծաղիկներով, նվերներով ու շնորհավորանքներով, այլ նաև բողոքի ակցիաներով: Կանայք դժգոհ են անհավասար իրավունքներից, գենդերային խտրականությունից, աշխատանքային պայմաններից:

Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցչի պաշտանավարումը դադարեցվեց: Մամուլը գրեց, որ Մարիան Քլարկ-Հաթինգը Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն է արել: Արտաքին քաղաքական գերատեսչությունը չհաստատեց պնդումներն ու հայտարարեց՝ Քլարկի գործունեությունը դադարեցվել է ոչ գործակցային աշխատաոճի ու թերացումների համար:

«Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի կառավարությանը»: Կոնգրեսական Բրեդ Շերմանն անդրադարձավ հայ ռազմագերիների խնդիրներին: Շերմանը նրանց ազատ արձակման հարցով դիմել է ԱՄՆ պետքարտուղարին և կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ ագրեսիայից չորս ամիս անց անօրինական պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով:

Հայրենիքի փրկության շարժման աջակիցները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ Փաշինյանի վարչապետության օրոք արտահերթ ընտրությունների գնալն իրենց համար անհեթեթություն է: 

Հնդկաստանը ցանկանում է Հայաստանը ներառել խոշորամասշտաբ կոմունիկացիոն ծրագրում: Իրանում Հնդկաստանի դեսպան Գադդամ Դհարմենդրան հայտարարեց. «Մենք նախատեսում ենք Հայաստանի տարածքով Հնդկական օվկիանոսը միացնել Եվրասիային ու Հելսինկիին՝ ստեղծելով հյուսիս-հարավ միջանցք»: 

Մարտի 11-ին ադրբեջանական չորս ամսվա գերությունից ազատվեց լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Մարալը Բաքվի երեք տարբեր բանտերում է եղել ու հույս չի ունեցել, որ երբևէ կազատվի գերությունից: Նա քրոջ՝ Անիի հետ Հայաստան էր եկել Բեյրութի պայթյունից հետո: Որոշել էին վերաբնակվել Բերձորում: Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 10-ին բարեկամ Վիգենի հետ գնացել էին Շուշի՝ իրերը վերցնելու ու գերեվարվել:

Հայտարարվեց կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին: Հայաստանում մեկ օրվա վարակվածների թիվը շաբաթվա սկզբի 337-ից ուրբաթ օրը հասավ 818-ի: Վարչապետը կառավարության նիստում վիրուսի տեմպերը նվազեցնելու համար ավելի խիստ միջոցների անցնելու կոչ արեց: Առողջապահության նախարարն էլ հայտարարեց՝ քովիդով հիվանդներին սպասարկող 9 բժշկական կենտրոններում ազատ մահճակալների թիվը հետզհետե նվազում է, ուստի պետք է վերահսկողությունն ուժեղացնել: 

Այս շաբաթ նաև կառավարությունը միաձայն ընդունեց հարկային օրենսգրքի նոր փոփոխությունը: Նախագիծն առաջարկում է ԱԱՀ-ի վերադարձը եռամյսակայինի փոխարեն դարձնել ամենամսյա: «Բիզնեսն այդ կերպ կարող է ավելի արագ տնօրինել իր փողն ու նպաստել տնտեսության զարգացմանը»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում