ԴԴավիթ Մուրադյան

Արցախի մշակութային ժառանգությունը՝ սպառնալիքի տակ. հետաքննություն

Արցախի մշակութային ժառանգությունը՝ սպառնալիքի տակ. հետաքննություն

Արցախի մշակութային ժառանգությունն այսօր, առավել քան երբևէ, բախվել է իրական սպառնալիքի: Տեղի հուշարձանները, եկեղեցիները և տեսարժան վայրերը կարող են դառնալ Ադրբեջանի բռնապետական կառավարության հերթական թիրախը: Երկիրն իր սահմաններում ունի հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության պատմություն, որի վառ օրինակն է Նախիջևանում հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացումը: 

«Այդ իրադարձությունը կարող է համարվել 21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը»,- գրում է Hyperallergic առցանց թերթի գլխավոր խմբագիր ու համահիմնադիր Հրագ Վարդանյանը: Նա իր հրապարակման մեջ ներկայացրել է հետպատերազմյան Արցախի մշակութային ժառանգությանը սպառնացող ուսումնասիրությունների շարքը: 

Հետազոտող Սիմոն Մաղաքյանը գրում է 14-րդ դարի մահմեդական առաջնորդի՝ Աղդամի շրջանում գտնվող դամբարանի մասին, որը կառուցվել է հայ շինարարի կողմից: Հաշվի առնելով Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի տարածաշրջանում, այլ հայկական կառույցների ճակատագիրը, հարց է առաջացնում՝ արդյոք Ադրբեջանը փառաբանելո՞ւ է տարածաշրջանի բազմամշակութային ժառանգությունը, թե՞ ջնջելու է այն, ինչպես դա արվել է շատ այլ դեպքերում: 

Լրագրող Նեվդոն Ժամկոչյանն ուսումնասիրում է ադրբեջանական պետության կողմից արվեստի ոչնչացման և հայկական ժառանգությունը բնաջնջելու պատմությունը՝ վկայակոչելով որոշակի դեպքեր և իրողություններ՝ ցույց տալու դրանց շարունակական օրինաչափությունը: 

Բաքվից հայ փախստական Ելենա Համբարձումյանը գրում է Ադրբեջանի կառավարության կողմից տարածվող այն ստի մասին, որ երկրում հայկական քրիստոնեական ժառանգություն գոյություն չունի, և հարյուրավոր հուշարձաններն ու կառույցներն իրականում «կովկասյան ալբանացիներին» են: Վերջինս, իրենց պնդմամբ, եղել է մշակութային համայնք, որը հայերի հետ շփումների դադարեցումից ի վեր անհետացել է:

Արվեստի պատմաբան Քրիստինա Մարանցին հայկական արվեստում դիտարկում է երեխային կերակրող մոր ամենավաղ պատկերը՝ այն համեմատելով Տիրամոր և Մանկան պատկերների հետ, որոնք հանդիպում են ձեռագրերում և այլուր: 12-րդ կամ 13-րդ դարի վաղ շրջանի խաչքարի (գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում) ճակատագիրն անորոշ է:

Գիտնական Ռեյչել Գոշգարյանը ուսումնասիրում է Հասան Ջալալի կերպարը. ինչպես է նրա անձնական պատմությունը մարտահրավեր նետում ինքնությունը հաստատուն ներկայացնելու ժամանակակից միտումներին:

Գրող Հրագ Ավետանյանն անդրադառնում է Ադրբեջանի կողմից ղարաբաղյան գորգերի և կարպետների քաղաքականացմանը, և թե ինչպես է երկրի քարոզչամեքենան փորձում խեղաթյուրել այս եզակի արվեստի գործերի պատմությունը:

Գիտնական Մաշինկա Ֆիրունց Հակոբյանը խոսում է ադրբեջանական ուժերի կողմից Շուշիի թանգարանների գաղութացման մասին:

Լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը Արցախում է եղել Ադրբեջանի իշխանություններին տարածքներ հանձնելու ժամանակ: Նա կիսել է իր հիշողություններն ու ներկայացրել լուսանկարներ այդ զգացմունքային ուղևորությունից:

Իսկ լուսահոգի Ների Մելքոնյանը (Արցախում ակտիվ համադրող էր) պատմում է նկարիչ Հրայր Սարգիսյանի Front Line նախագծի մասին, որում ներկայացվել են 90-ականների առաջին արյունալի պատերազմի թե՛ լանդշաֆտների, թե՛ վետերանների պատկերներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում