«Ցավալի է, որ ընդդիմությունը չընդունեց իշխանության առաջարկը՝ գնալ նոր ընտրությունների, և ընտրել է փողոցային պայքարի տարբերակը, բայց դա իրենց իրավունքն է: Եվ ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ իրենք իրենց իրավունքն իրագործեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտնելով, որ իշխող խմբակցությունում ընդդիմության ցույցերի մասով մտահոգություններ, թե մասնակից քաղաքացիների թիվը կարող է մեծանալ, չկան:
«Քաղաքացիների հետ կապված ունենալ մտահոգություն՝ ամենասխալ բան է: Մենք 20 տարի Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հանրահավաք արեցինք, հիմա էլ այդ հանրահավաքները, ի տարբերություն անցյալի՝ որևէ կերպով չեն խոչընդոտվում: Շատ ուրախ եմ, որ քաղաքական պրոցեսները շատ ավելի մեծ տեղ են գտել այսօր, քան 1-2 ամիս առաջ»,- նշեց Սիմոնյանը:
Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն էր հիմնական պատճառը, որ ընդդիմությունը չհամաձայնեց գնալ նոր ընտրությունների՝ նշեց ԱԺ փոխնախագահը:
«Որովհետև ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նոր ընտրությունների պարագայում իշխող ուժը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կրկին բավականին, կարելի է ասել մի քանի անգամ ավելի տարբերությամբ հաղթանակ կտանի: Ես պնդում եմ, որ դա է եղել հիմնական պատճառը, որ ընդդիմությունը խուսափեց ժողովրդին հարցնելուց, թե Հայաստանի ապագայի հետ կապված իրենք ինչ կարծիք ունեն»,- նշեց Սիմոնյանը:










