ՀՀայկարամ Նահապետյան

Մանկապարտեզներում ընդունելության սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն. Երևանի փոխքաղաքապետ

Մանկապարտեզներում ընդունելության սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն. Երևանի փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նախադպրոցական ուսումնական հաստատություններում վերընդունելության և ընդունելության մասին:

 
«Նոր կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախատեսած սահմանափակումների համաձայն՝ 2020-2021 ուստարում Երևանի ենթակայության մանկապարտեզներում ընդունելությունը չի կազմակերպվել: Միաժամանակ սահմանափակված է նաև խմբերում ընդգրկված երեխաների քանակը: Արդյունքում՝ ներկայումս նախադպրոցական կրթությունը ընդհատել է և մանկապարտեզ չի հաճախում շուրջ 3000 երեխա, իսկ հերթագրվածների թիվը գերազանցում է 12000-ը:
 

Խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է քննարկումներ պետական լիազոր գերատեսչությունների հետ, որոնց արդյունքում սահմանափակումները որոշակիորեն կմեղմացվեն:

 

Երեխաների վերընդունելությունը կկազմակերպվի ըստ ներքոհիշյալի:
 

Նախադպրոցական կրթությունն ընդհատած երեխաներին կվերընդունեն այն հաստատությունները, որոնց խմբասենյակների տարածքը և պայմաններն ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն: Այս դեպքում առաջնահերթ կընդգրկվի այն երեխան, որի ծնողը՝

 

զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ.
 
1-ին կարգի հաշմանդամ է կամ ունի ծանր հիվանդության եզրակացություն.
 
ծնողներից մեկը մահացած է:

 

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց երկու ծնողը գրանցված աշխատող են:

 

Հերթագրված երեխաների ընդունելություն

 

Այն մանկապարտեզները, որոնք ունեն հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանելու հնարավորություն, կկարողանան կազմակերպել նաև հերթագրված երեխաների ընդունելություն:

 

Այս դեպքում առաջնահերթություն կտրվի այն երեխաներին, որոնց ծնողը զոհվել է ռազմական գործողությունների ժամանակ:
 
Արտահերթ ընդունելության իրավունք ունեցող մյուս երեխաները կընդունվեն ըստ հերթագրման օրվա հաջորդականության:

 

Այնուհետ, ըստ առկա տարիքային խմբերի, երեխաների ընդունելությունը կկատարվի հերթագրման հաջորդականությամբ:

 

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ 2020 թվականի ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզներն առաջիկայում կվերաբացվեն, և մանկապարտեզներում երեխաների ընդգրկվածության պատկերը դրականորեն կփոխվի:

 

Երևանի քաղաքապետարանը շարունակում է մշտական կապ պահպանել լիազոր գերատեսչությունների հետ: Համաճարակային իրավիճակի բարելավմանը զուգընթաց ակնկալվում են սահմանափակումների հետագա մեղմացումներ, որոնց մասին կտեղեկացնենք հանրությանը»,- գրել է  Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում