Մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում հմտանալու կրթական նոր ծրագիր

Որպեսզի Հայաստանը կարողանա քայլել կորոնավիրուսից հետո տուրիզմի զարգացմանը համընթաց, մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում հմտանալու կրթական նոր ծրագիր:

Հայաստանը ոչ միայն կարող է հետ չմնալ աշխարհից, այլև տուրիզմը դարձնել եկամտաբեր: Կրթական նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանինն է:

Սահմանների բացումից հետո զբոսաշրջության ոլորտում մրցակցությունը թեժ է լինելու, և կշահեն այն երկրները, որոնք ավելի ակտիվ մարքեթինգային քաղաքականություն կվարեն՝ ահազանգում են ոլորտի մասնագետները:

Զարմինե Զեյթունցյան (Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս) - Քովիդից ու պատերազմից հետո զբոսաշրջությանը մի քանի տարի է պետք՝ վերականգնվելու համար, այն էլ՝ ճիշտ քաղաքականության դեպքում:

Քանի դեռ տուրիզմը պասիվ փուլում է, Ամերիկյան համալսարանը որոշել է ժամանակն արդյունավետ օգտագործել: Որպեսզի սահմանների բացումից հետո մեր երկիրը զբոսաշրջության ոլորտում խնդրի առաջ չկանգնի, մասնագետներին առաջարկում են վերապատրաստվել, որակավորում ստանալ: Ամերիկյան համալսարանը կրթական նոր ծրագիր է նախաձեռնել:

Զարմինե Զեյթունցյան - Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մասնագիտական կարիերայի աճով: Ծրագիրը մեկ տարվա է՝ երկու կիսամյակ, նախապատրաստական դասեր, հաշվապահություն, անգլերեն, հաղորդակցություն, նաև մաթեմատիկա, որից հետո արդեն կսկսեն ուսումնասիրել գործառնական ծրագիրը՝ հյուրընկալության գնագոյացում և վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ:

Դասավանդելու են թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ արտերկրից հրավիրված մասնագետները: Ծրագիրը մշակվել է Հայաստանի հյուրանոցային օբյեկտների հետ գործակցելով: Ոլորտում աշխատող մասնագետները ուսանողներին պրակտիկ գիտելիքներ կփոխանցեն: «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ առաջիկա երեք տարվա ընթացքում տվյալ ծրագրի ուսանողների վարձի 90 տոկոսը կսուբսիդավորվի: Տուրիզմի ֆեդերացիան իր հերթին շարունակելու է կարճաժամկետ դասընթացները:

Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) -  Մեր այսօրվա առաջնահերթ անելիքներից պետք է լինի նաև զբոսաշրջության ոլորտին տրամադրվող աջակցությունը, որպեսզի համաշխարհային շուկայում Հայաստանի մարքեթինգային շուկային ուղղված միջոցները էապես ավելացվեն, գոնե փոքր-ինչ մոտեցնել միջազգային ստանդարտի կեսին:

2019-ին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.9 մլն: Սա, ըստ տուրիզմի ֆեդերացիայի՝ նշանակում է, որ նվազագույն հաշվարկներով միայն ներգնա զբոսաշրջությունից պետական բյուջե է փոխանցվել շուրջ 300 մլն դոլարին համարժեք գումար: Մեխակ Ապրեսյանը խնդրում է՝ գոնե դրա 1 տոկոսն ուղղել քովիդից ու պատերազմից հետո ամենատուժած ոլորտներից մեկի՝ տուրիզմի մարքեթինգի զարգացմանը, որպեսզի հնարավոր լինի հետ չմնալ աշխարհից ու շարունակել պետբյուջեին եկամուտ բերել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում