Ֆրանսիայում ապրող ռուս ոսկրաբան Նադյան Երևանում նաև տանգոյի դասեր է տալիս

ԼԼիլիթ Հարությունյան

Նադեժդա Յարովիցկի (նյարդաբան-ոսկրաբան) - Այստեղ ես զգում եմ, որ սկոլյոզ ունի, այստեղ արդեն շատ է նկատվում:

Բժշկություն՝ առանց դեղորայքի: Միայն ձեռքերի լեզվով ուսումնասիրում, հասկանում է՝ ինչ խնդիրներ ունեն մեր սահմանները պահած տղաները: Ոսկրաբանության՝ մեզ դեռ անծանոթ մեթոդի մասին պատմում է նաև «Լուրերի» տեսախցիկին:

Ռուս օսթեոպատը ոսկրաբանության հետքերով հասել է Ֆրանսիա՝ այնտեղ տեղափոխելու ապագայի բժշկությունը: Ասում է՝ դրսում հիմա բժշկության՝ ոչ տրավմատիկ այս մեթոդը արագ զարգանում է:

Նադեժդա Յարովիցկի - Ստուգում եմ շարժունակությունը, երբ արդեն այցելուն պառկած է: Ոսկրաբանությունը թույլ է տալիս անմիջապես թեստավորել հիվանդին: Հիմա ես ուսումնասիրում եմ ողնաշարը, մտովի նաև վերականգնում ճիշտ կառուցվածքը, ապա շոշափելով զգում եմ բոլոր հյուսվածքների լարվածությունն ու սկսում եմ աշխատել: Սովորաբար սկզբում ցավոտ է, բայց մի քանի այցից հետո արդյունքը զգացվում է:

Այս անսովոր թվացող բժշկական փորձն օգնում է նախ՝ գնահատել մարդու վերականգնողական ներուժը՝ օրգանիզմի բնական պաշարի հաշվին: Պատերազմը ստիպեց տղաներին ոտքի կանգնեցնելու համար այլընտրանքային բժշկությանը դիմել. 10-ից ավելի մասնագետ է դրսից եկել տղաների հետ աշխատելու:

Տիգրան Վահրամյան (Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն) - Մեր համար ինքը բավականին այլ է, սկզբի համար ընկալելը մի քիչ դժվար է, բայց երբ աշխատում ես, սկսում ես պրինցիպները հասկանալ:  Ինձ թվում է՝ Հայաստանում դեռ զարգացման տեղ ունի, ու մենք դեռ դրա մասին լսելու ենք: 

Ոսկրաբանության սեանսի հետ համատեղ 19-ամյա Ալիկը, օրինակ՝ բժիշկ-կինեզիստի հետ ձեռքերի ուժն է հետ բերում:

Մարիամ Խալափյան (կինեզոթերապևտ) - Հիմա իր մոտ կինեզոթերապիայի միջոցով փորձում ենք վերականգնել ուժը, քանի որ ուժի խնդիր ունի, ծանրություն բարձրացնել չի կարողանում:

Նադեժդա Յարովիցկի - Ինձ Հայաստան հրավիրեց Փարիզի հայ համայքը՝ մասնագիտական կարողություններս Հայաստան բերելու համար: Մեկ շաբաթ է՝ այստեղ եմ: Հանդիպել եմ վիրավոր զինվորների, նրանց ծնողների, մարդկանց հետ, որ հարկադրաբար լքել էին իրենց տները: Նրանց ծանր հոգեբանական վիճակը դանդաղեցնում է բուժման ընթացքը: Ցավոք, ավանդական բժշկությունը մարդու հոգին երկրորդ պլան է մղում՝ անտեսելով, որ մարդիկ տարբեր կերպ են ցավն ընկալում:

Ոսկրաբանն օգնում է նաև մտքում գտնելու ցավի հանգույցներն ու կենտրոնանալ դրանց վրա:

Այսպես մի քանի այցելություն էլ, և ցավն ուղեղից ու մարմնից հեռանում է: Իսկ երեկոյան, քանի Հայաստանում է, պրոֆեսիոնալ բժիշկ-օսթեոպատ Նադեժդան վերափոխվում է արգենտինական տանգոյի պրոֆեսիոնալ ուսուցիչ Նադյայի ու արդեն՝ պարի սեթևեթ կոշիկներով պարահրապարակն է գերում:

Նադեժդա Յարովիցկի - Հայաստանի հետ իմ սիրո պատմությունը սկսվել է վաղուց, երբ հեռավոր 86-ին դեռ աղջնակ էի: Սիրեցի հայերի հյուրասիրությունը, Հայաստանի գեղեցկությունը, նույնիսկ՝ հիմա՝ պատերազմից հետո: Այս սիրուց մի մասնիկ այստեղ եմ թողնում: Էլի կգամ...

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում