Մեկ անգամ չէ, որ՝ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի: Եվ դա՝ առաջին հերթին շնորհիվ մեր բանակի. հետպատերազմական բարդ իրավիճակում այս վստահությամբ է Բանակի օրվա կապակցությամբ ուղերձ տարածել նախագահ Արմեն Սարգսյանը: Նշել. մենք պարք ունենք մեր հերոս նահատակների առաջ: Նախագահն ապաքինում է մաղթել վիրավոր հերոսներին, զորակցություն հայտնել գերության մեջ գտնվող զավակներին սպասող ընտանիքներին: Նաև հիշեցրել. այսօր, առավել քան երբևէ, մեր միտքն ու գործը պետք է ծառայեցնենք նախ բանակի հզորացմանը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Սակայն անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե խիզախություն չունենանք ընդունել կատարված սխալներն ու պատրաստ լինել հիմնարար փոփոխությունների, եթե չվերականգնենք սպայի պատիվը, հարգանքը զինվորական ծառայության հանդեպ, եթե չունենանք ծրագիր և այն իրականացնելու կամք, եթե արտաքին թշնամուն թողած՝ չդադարենք թշնամի փնտրել միմյանց մեջ, եթե համերաշխ ու համախմբված չլինենք որպես պետություն և հասարակություն, որպես մեկ ազգ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հարգարժան գեներալներ, սպաներ և զինվորներ. մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետև ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին՝ որևէ մեկը, որևէ հանգամանքում չի կարող խլել ձեզնից... իր ուղերձում գրել է Ազգային Ժողովի նախագահը: Պետությունն ուշադրության կենտրոնում է պահելու, ջանք չի խնայվելու՝ հաշմադամություն ստացած զինծառայողների ու հանուն հայրենիքի զոհված տղաների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հայտարարել է Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այսօր, երբ մեր պետությունը ապրում է մեր պատմության բարդագույն փուլերից մեկը, բանաձևը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ հայկական զինված ուժեր և շտկել մեր մեջքը: Վստահաբար ոչինչ չպիտի խնայենք բանակի վերակառուցման, զինված ուժերի մարտունակության բարձրացման և սպառազինության արդիականացման համար, ինչը պիտի թույլ տա երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից զինվորներին, սպաներին ուղղված Հայրապետական օրհնությամբ է Բանակի օրվա իր խոսքը սկսել...Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Տոնն այս տարի դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը հոգում... հատուկ ընդգծել է Վեհափառը: Շեշտել՝ հայ զինվորը, որ մեծ արիություն է ցուցաբերել նախորդ դարերի բոլոր պայքարներում... Արցախյան պատերազմում նույնպես հերոսաբար պայքարեց հանուն հայրենիքի:
Գարեգին Բ (Ամենայն Հայոց Կաթողիկոս) - Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք՝ աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի։ Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Իր խնամքի ներքո պահպանի հայրենիքի պաշտպան Մեր սիրեցյալ զավակներին և շնորհի անվտանգ ծառայություն:
Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը՝ գլուխ կարող են խոնարհել միայն զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև ... զինակից ընկերներին այսպես է դիմել՝ Օնիկ Գասպարյանը: Բանակի օրվա դառնության հետ նաև հպարտություն կա. հակառակորդը դեռ երկար է հիշելու՝ 44-օրյա անհավասար պայքարում տեսած-զգացած...մեր տղաների անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Այնպես, որ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հորդորում է. այս սուրբ օրը շնորհավորենք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանանք մեր զոհված ընկերներին՝ շարունակելու ենք նրանց անավարտ գործը:
Օնիկ Գասպարյան (ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ) - Վստահ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու: Հավաստիացնում եմ՝ հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից: Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:
2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու
Դիտումներ0













