Հունվարի 23-ը ձեռագրի միջազգային օրն է

ՆՆարե Ոսկանյան

Թուղթ ու գրիչով նամակ գրելու մշակույթն այսօր փոխարինվում է նորագույն տեխնոլոգիաներով, մինչդեռ աշխարհը շարունակում է ամեն տարի հունվարի 23-ին տոնել ձեռագրի միջազգային օրը: Գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանը չի հուսահատվում, քանի դեռ օրը հիշում են, ուրեմն մարդկանց համար ձեռագիրը դեռ նշանակություն ունի: Ձեռագիրը նախ վավերագրություն է, իսկ առավել բարձր արժեք ունեն գրողների վավերագրերը:

Վլադիմիր Կիրակոսյան, գրականագետ - Սրանից մի քանի տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ Երևանի գրապահոցներում հանկարծ հայտնաբերել գերմանացի Գյոթեի մի ձեռագիր պատառիկ: Գերմանացիները շատ մեծ շնորհակալությամբ այդ նվերն ընդունեցին:

Մեր բոլոր գրողներից շատ ձեռագրեր կան պահպանված, Կիրակոսյանը առանձնացնում է ամենայն հայոց բանաստեղծին:

Վլադիմիր Կիրակոսյան - Դա սրբազան մասունք է: Դա մենակ ինչ-որ մեկի ձեռագիրը չէ, որ մենք պահպանում ենք: Մենք պահպանում ենք մեր պատմությունը: Այդպիսի յուրաքանչյուր մեծ մարդ ինքն իր անձով պատմություն է ստեղծում, և նրա ձեռագիրը դառնում է այդ պատմության վավերագիրը:

Ձեռագիրը կարող է պատմել հեղինակի բնավորության ու նաև կյանքի մասին, դա նաև ստեղծագործության կենսագրությունն է:

Վլադիմիր Կիրակոսյան - Ձեռագրեր կան՝ սևագիր են, ձեռագրեր կան՝ պատառիկներ են, ձեռագրեր կան, որ այդ ձեռագրի վրա այնքան հավելումներ, ջնջումներ կան, որ հատուկ մասնագիտություն է պետք, որ կարողանա այդ ձեռագիրը վերականգնել: Բարեբախտաբար, այդ մասնագետները կան:

Տիկին Մարինեն առանձնացնում ու խնամքով պահվող արկղից դուրս է բերում ձեռագրեր, որոնք բացառիկ ցուցադրություններում են միայն լինում:

Մարինե Բաղդասարյան, Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ - Սրանք այն ձեռագրերն են, որ ընտանիքը հանձնել է թանգարանին:

Ձեռագրերն ամենադժվար պահվող իրերից են, թանաքը կարող է լույսից խունանալ, ջերմաստիճանի տատանումից՝ քայքայվել: 1920 թվական, դեկտեմեբրի 18: Այս նամակը գրել է իր երեխաներից Աշխենին, Մուշեղին և Համիկին: Ֆոնդապահը պատմում է՝ հաճախ էր երեխաներին ասում, որ օրվա ընթացքի մասին գրեն, հիշատակարաններ ունենան:

Մարինե Բաղդասարյան - Նամակները միայնկ անձնական բաներ չեն, դրանք շատ մութ կետեր են պարզում այդ ժամանակների համար՝ մեր հետագա սերունդների համար դառնալով թանկագին սկզբնաղբյուր:

Գրականագետն օրվա առիթով ևս մեկ անգամ հիշեցնում է՝ ձեռագիրը մշակութային գանձ է: Որքան այն հնանում է, այնքան այդ արժեքը բարձրանում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում