ԱԱրսեն Մկրտչյան

Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը։ 

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը: Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է՝ առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ`նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Ն որոշմամբ, հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Այս ծրագրի շահառու դառնալու համար ևս ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում