Տավուշում այս տարի ձյուն է նստել. վերջին տարիներին այստեղ ձյան կայուն ծածկույթ չի եղել

ՄՄայա Խաչատրյան

Ձյան տեղումներից հետո սահնակի սահքը Երևանում բացառիկ երևույթ չէ, իսկ Տավուշում վերջին տարիներին սահնակ հայտնվել է առաջին անգամ:
 
Յուրա Սիմոնյան (Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ) - Ձյուն չենք տեսնում համարյա:

Սահմանամերձ մարզում վերջին տարիներին եղանակը կտրուկ փոխվել է: Նվազել են նաև անձրևները, խնդիր առաջացրել գյուղատնտեսության համար: Չոր տարին գյուղի լավագույն խոտհարքն անգամ վայրի տարածքի է վերածել:

Յուրա Սիմոնյան - Որ ձյուն գա, հա՛մ ջուր կունենանք, հա՛մ բերքն առատ կլինի:

Կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում դրսևորվում են հիմնականում Նոյեմբերյանի, Բերդի, նաև Մեղրիի տարածաշրջաններում: Այստեղ վերջին տարիներին ձյան կայուն ծածկույթ չի ձևավորվում՝ բացատրում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածուն:

Գագիկ Թովմասյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բուսաբուծության և հողագիտության ամբիոնի վարիչ) - Ոչ միայն ձմեռային ժամանակահատվածի, աշնանային, գարնանային ժամանակահատվածի որոշակի նախկին օրինաչափությունների խախտում կա:

Ագրարային համալսարանում բնության այս մարտահրավերն ուսումնասիրում են: Տեղումների պակասն առաջացնում է ջրային պաշարների խնդիր: Դա լուծելու համար, ըստ Թովմասյանի, պետք է ճիշտ կառավարել մակերևութային հոսքերը:

Գագիկ Թովմասյան - Եթե որևէ մշակաբույսի համար սահմանված է վեգետացիայի ընթացքում ջրումների իքս քանակություն, հիմա պահանջում է ևս 2 կամ 3 ոռոգում ավելացնել:

Տարեկան տեղումների կրճատումը բերում է նաև օդի հարաբերական խոնավության փոփոխության, բացասաբար ազդում մշակաբույսերի աճի, բերքի որակի վրա: 

Ձյան տակ չհավաքած մասուրն է, ցորենի աշնանացանը: Թեև քիչ, բայց տեղացած ձյունը, հողագործները հույս ունեն՝ կպահի հացահատիկի բերքը:

Գագիկ Թովմասյան - Մշակաբույսերը, որպես կանոն, պարտադիր ձմեռային ժամանակ են անցնում, համարվում է հանգստի շրջան: Առանց ձյան, դաշտավարության մեջ ունենում ենք խնդիր, հատկապես աշնանացանի դեպքում:

Օդերևութաբաններն առաջիկա օրերին ձյան տեղումներ Տավուշում չեն կանխատեսում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում