Ստեղծեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետություն, բայց ինքներս չհասունացանք մեր ստեղծածի համար. Սիմոնյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարությունների ժամին խոսեց պատմության դասերից:

«100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր հավաքական գիտակցությունն ու ներուժը, դարձանք նյութապաշտ, մեծամիտ, գոռոզ, ժլատ: Արդյունքում բթացրինք իրականության մեր զգացումն ու կորցրինք Կարսը, Սարի Ղամիշը, Արդահանը, հայոց պետականությունը, հազարավոր կյանքեր և ապրելու ցանկությունը: Մեզանում գտնվեցին մարդիկ, ովքեր հույս ու հավատ ներշնչեցին մեզ, ու մենք շարունակեցինք մեր հիմնական առաքելությունը՝ արարումը:

100 տարի անց մենք, փառավոր հաղթանակներից հետո, նորից ընկանք մեր ծուղակը, նորից դարձանք փառամոլ, նյութապաշտ, մեծամիտ ու գոռոզ: Մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը, դարձրինք մեր կարգախոսը և արդյունքում կորցրինք իրականության զգացումը: Արդյունքը եղավ այն, որ կորցրինք Հադրութն ու Շուշին: Հազարավոր կյանքեր: Շատերս՝ նաև ապրելու ցանկությունը: Պատմության այս օրինաչափությունը մեզ որոշակի դասեր ունի տալու:

Մենք ստեղծեցինք Հայաստանի և Արցախի Հանրապետություն, բայց ինքներս չհասունացանք մեր ստեղծածի համար: Եվ այսօր՝ այս ծանր իրավիճակում, մենք կրկին ամենաֆունդամենտալ ու հիմնարար հարցի առաջ ենք կանգնել:

Մենք նորից պետք է ձևավորենք հայ մարդ ու հայ անհատականություն, բայց ոչ թե հպարտության, այլ առաքինության ֆոնի վրա: Վեհ հոգի, ազնիվ միտք, նվիրական վարք ու քաջություն: Ահա այն չորս հենքերը, որի վրա մենք պետք է կառուցենք մեր ներքին վանքը»,-նշեց Սիմոնյանը՝ նշելով որ իրավունք չունենք հիասթափվելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում