Պատերազմը կիսատ թողեց Արթուր Սուքիասյանի կյանքի բոլոր էջերը, բայց պատմության մեջ նա մնաց որպես հերոս

Արթուրի մոր աչքն այդպես էլ որդու ճամփին մնաց: Հիմա նկարներով ու հեռախոսում մնացած տեսանյութերով են տղայի կարոտն առնում: 18-ամյա Արթուրը ժամկետային էր, Մեխակավանում էր ծառայում. ընտանիքում երկար սպասված միակ որդին էր:

Հրանուշ Սուքիասյան (Արթուր Սուքիասյանի մայրը) - Իրանից շատ սովորեցինք նվեր եղավ քույրիկներից հետո Աստված նվիրեց, փոքրուց հայրենասեր մեծացրինք:

Նժդեհ ու Մոնթե էր կարդում, նրանց անցած ուղին ուսումնասիրում, մտածում մեծ հաջողությունների հասնելու, մինչև անգամ նախագահ դառնալու մասին։

Կենսախինդ երիտասարդը բանակային 7 ամսվա ծառայության ընթացքում ծնողներից միայն գիրք է խնդրել: Մայրը հիշում է՝ տղան միշտ ինքնակրթվում էր: Ծառայության երկու տարում որոշել էր աշխարհի ղեկավարների անցած ուղին բացահայտել:

Հրանուշ Սուքիասյան - Ջաբրայիլում շատ էր կարդում, գրքեր էինք ուղարկում՝ Րաֆֆու հատորները, Չերչիլ, Մակրոն, Գյուրջիև էր ուզել վերջին անգամ:

Նպատակները իրականացնելու համար որոշել էր միանգամից երկու մասնագիտություն ստանալ: Սովորում էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Հայ բանասիրության ֆակուլտետներում։

Փոքր տարիքից նաև մարզվում էր, «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» լավագույն սաներից էր, կարատեի սև գոտի ուներ, տարբեր մրցաշարերում բազմաթիվ հաղթանակներ էր տարել։

Արծրուն Միսակյան (Արթուր Սուքիասյանի մարզիչը) - Հայաստանի առաջնությունների մրցանակակիր, չեմպիոն, Կովկասի առաջնության չեմպիոն: Մասնակցել է Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների: Մրցանակակիր էր, վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ չեմպիոն էր դառնում քաշային և տարիքային:

Միջազգային մրցաշարերից ոչ միայն հաղթանակներով էր վերադառնում, այլ նաև ընկերների շրջանակը մեծացնում: Նրա զոհվելուց հետո իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը Հայաստանում նվաճած իր ոսկե մեդալը որոշել է, որպես հարգանքի տուրք, նվիրել Արթուրի ընտանիքին։ Արթուրն իր քաշային կարգում անպարտելի մրցակից էր: 15 տարեկանում նոկաուտով պարտության էր մատնել նաև ադրբեջանցի մարզիկներին ու իր ստացած բազմաթիվ գավաթներից ամենաշատը դա էր առանձնացնում:

Տարիներ անց մարտն արդեն պատերազմի դաշտ տեղափոխվեց։ Արթուրը հաղթեց իր կռիվը՝ 30 օր պայքարելով թշնամու դեմ։ Մեխակավանում վիրավորվել էր, բայց դեռ լիովին չապաքինված՝ վերադարձել էր մարտի դաշտ, կանգնել ընկերների կողքին:

Գագիկ Սուքիասյան (Արթուր Սուքիասյանի հայրը) - Ուզում էր վերադառնալ: Ասում էր՝ գնամ, տղերքին հասնեմ: Համարում էր, որ իրա ներկայությունը կօգնի բոլորին: Սովորել ենք ճիշտ ապրել, գնահատել այսօրվա պահը: Երջանիկ ենք, որ իր հետ ապրել ենք: Շատ կուզեի՝ մեզ հետ լիներ: Գերադասեց հայրենիքը: Բանակում էլ չլիներ՝ կամավոր էր գնալու:

Քույրերը հիշում են՝ կրտսեր եղբայրն իրենց շատ բան է սովորեցրել: Կյանքը շարունակում են Արթուրի խորհուրդներով և նրա հումորները հիշելով:

Սեդա Սուքիասյան (Արթուր Սուքիասյանի քույրը) - Նա մեզ սովորեցրեց ճիշտ ապրել ուրախանալ պահով, պահը վայելել, արժեվորել:

Արթուրը զոհվեց հոկտեմբերի 30-ին, Մարտունիում՝ անօդաչուի հարվածից:

Մհեր Գևորգյան (Արթուր Սուքիասյանի ընկերը) - Արթուրից սովորել եմ սիրել Հայրենիքը:

Արթուրը Արցախի նախագահի կողմից առաջադրվել է պարգևատրման: Նրան առաջիկայում հետմահու կպարգևատրեն մարտական ծառայության մեդալով:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում