ՌՌոզա Խաչատրյան

Բելառուսին զրկեցին հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից. պատճառը՝ քաղաքական լարված իրավիճակը

Բելառուսին զրկեցին հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից. պատճառը՝ քաղաքական լարված իրավիճակը

Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) Բելառուսին զրկել է այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունից: Որոշումը կայացվել է ֆեդերացիայի՝ այսօր գումարված խորհրդի նիստում: Ի սկզբանե նախատեսվում էր, որ մրցաշարը պետք է անցկացվի Մինսկում և Ռիգայում:

Մինսկից տեղափոխված խաղերի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել: Քանի որ Ռիգան և Մինսկը միասին են ներկայացրել աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը, Լատվիայի կարգավիճակի վերաբերյալ հարցը ֆեդերացիայի կողմից առանձին կքննարկվի: Խորհուրդը կգնահատի նաև մրցաշարը մեկ վայրում անցկացնելու հավանականությունը:

Որպես Բելառուսին խաղերի անցկացման իրավունքից զրկելու պատճառ՝ IIHF-ը նշել է թիմերի և հանդիսականների անվտանգության ապահովման անհնարինությունը: Կազմակերպությանը, մասնավորապես, անհանգստացնում է երկրում տիրող քաղաքական լարված իրավիճակը, իշխանության և ընդդիմության միջև հակամարտությունն ու օգոստոսից չդադարող բողոքի ակցիաները:

Հոկեյի աշխարհի 2021 թվականի առաջնության բելառուս կազմակերպիչները դրամական փոխհատուցում կստանան.

«IIHF-ի համար պատժամիջոցներ չկան, բելառուս կազմակերպիչների համար կլինի փոխհատուցում: Դրանք սահմանված են պայմանագրում: Մենք սպասում ենք հաշվետվությանն ու վերլուծությանը IIHF-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից»,- ասել է կազմակերպության խորհրդի անդամ Պետր Բրժիզան:

Նա նաև նշել է, որ այս պահին ֆեդերացիան բանակցություններ է վարում Դանիայի և Սլովակիայի հետ՝ Մինսկում նախատեսված խաղերն այդ երկրներում անցկացնելու հարցով: Բրժիզայի խոսքով՝ ամբողջ մրցաշարն իր երկրում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել նաև Լատվիան: Ընդ որում՝ մրցաշարը Բելառուսից մեկ այլ երկիր տեղափոխելու հետ կապված բոլոր ծախսերն իր վրա է վերցնելու հոկեյի միջազգային ֆեդերացիան:

Նշենք՝ հոկեյի աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենար 2021 թվականի մայիսի 21-ից հունիսի 6-ը Մինսկում և Ռիգայում: Ավելի վաղ երեք ընկերություններ՝ Nivea-ն, Skoda-ն և Liqui Moly-ն, հրաժարվել էին հովանավորել Բելառուսի մայրաքաղաքում նախատեսված մրցաշարը: Դրանից հետո IIHF-ը հայտարարել էր, որ հունվարի 18-ին կազմակերպության խորհրդի նիստ կգումարվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում