Մարտական զենք կտրամադրվի նաև ՊԵԿ աշխատակիցներին. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանը քննարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է մարտական զենք տրամադրել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը մեկնաբանեց, որ մինչև այս նախագիծը եղել են նաև Կառավարության որոշումներ, որոնց հիման վրա ՊԵԿ-ի համապատասխան աշխատակիցներին հատկացվել է մարտական զենք: «Կառավարության հաջորդ որոշմամբ նախատեսում ենք սահմանել աշխատակիցների կոնկրետ ցանկ, թե ովքեր իրավունք ունեն կրելու մարտական զենք»,- մեկնաբանեց նա՝ հավելելով, որ ՊԵԿ աշխատակիցները անցնելու են համապատասխան դասընթացներ Ոստիկանության ակադեմիայում:

«Կարող է դեպք լինել, որի ժամանակ զենքն անհրաժեշտ լինի մաքսանենգության դեմ պայքարի կամ օպերատիվ հետախուզական այլ գործունեություն իրականացնող աշխատակցի մոտ»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ նման օրենսդրական փոփոխության առաջարկը եղել է Կառավարության որոշումներում փոփոխություններից ելնելով: «Սա դեռ 2020 թ. մայիսից քննարկման փուլում է»,- տեղեկացրեց Գասպարյանը:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է լրացուցիչ զենքի գնում, թե՞ այն արդեն առկա է, Գասպարյանը մեկնաբանեց. «Բյուջեի վրա  ազդեցություն չի ունենա, որովհետև այդ զենքերը ՊԵԿ-ի բալանսում կան, և Կառավարության որոշմամբ նախատեսվում է այդ ամբողջ խմբաքանակը փոխանցել ոստիկանության հաշվեկշիռ նոր հետո  հատկացումները կլինեն»: Ըստ Գասպարյանի՝ մոտավոր հաշվարկներով ՊԵԿ-ին անհրաժեշտ է մոտ 400 միավոր մարտական զենք: «Դրա մեջ մտնում են մաքսանենգության դեմ պայքարի աշխատակիցները, օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները, քննչական ու հետաքննության վարչությունների աշխատակիցները»,- մանրամասնեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում