Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները:
«Արմենպրեսի» փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը՝ 7:
«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր: Այդ պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:
«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.
Հանրապետական ծածկույթ`
- «Արմենիա TV» ՓԲԸ - 713 միավոր
- «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա) - 688
- «Շանթ» ՍՊԸ - 680
- «ATV» ՍՊԸ - 670
- «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ - 663
- «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք) - 657
- «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ - 626
- «Արմնյուզ» ՓԲԸ - 613
- «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+) - 545
- «Freenews» ՍՊԸ- 531
Մայրաքաղաքային ծածկույթ`
- «Արփի մեդիա» ՍՊԸ - 542
- «Դար 21» - 492
- «Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ - 463
- «Շանթ սպորտ» ՍՊԸ - 216
«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- տեղեկացրեց Տիգրան Հակոբյանը:










