Բնակարանաշինության ծրագիր՝ Արցախում. 8-10 հազար տուն կառուցելու կարիք կա

ԱԱննա Ավետիսյան

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն աջակցության հերթական ծրագրի մասին է հայտարարում. տուն գյուղական բնակավայրում և գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն: Շահառու են Արցախի վերահսկողությունից դուրս հայտնված բնակավայրերի տեղահանված բնակիչները:

Մանե Թանդիլյան, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար - Առաջարկել ենք Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի մեր վերահկողության տակ գտնվող գյուղական բնակավայրերում բնակություն հաստատելու ցանկության պարագայում մեզ հայտ տալ: Մեր քաղաքացիներին տրամադրելու ենք այդ տները վերակառուցելուց, վերանորոգելուց հետո, կլինեն նաև առաջին անհրաժեշտության պարագաները:

Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ չէ: Պահանջարկի աճի դեպքում դիտարկվում է նաև նոր բնակարանների կառուցման ծրագիր՝ հատկապես այն համայնքներում, որտեղ առկա են բավարար ենթակառուցվածքներ: Դիմողների ակտիվությունից կախված՝ նախարարությունը որոշակի առաջնահերթություններ կսահմանի:

Մանե Թանդիլյան - Սա, բնականաբար, մեր քաղաքացիների հետ քննարկելու ենք, որովհետև զոհված զինծառայողների, հաշմանդամություն ունեցող մարդկանց, վիրավորների, բազմազավակ ընտանիքներն ակնհայտորեն ունենալու են առաջնահերթություն:

Ծրագիրը պարտադրանքի տարրեր չի պարունակում: Պոտենցյալ շահառուներն իրենք են ընտրում՝ օգտվե՞լ այդ հնարավորությունից, թե՞ ոչ: Նախարարը շեշտում է՝ պետությունը փորձելու է առաջնահերթությունը տալ գյուղատնտեությամբ զբաղվողներին՝ երկրի պարենային անվտանգությունն ապահովելու համար:

Այս պահին շարունակվում է գյուղական բնակավայրերում առկա ազատ բնակֆոնդի հաշվառման գործընթացը: Ընդհանուր առմամբ՝ պատերազմի հետևանքով առանց տանիքի է մնացել Արցախի շուրջ 34 հազար բնակիչ: Նրանց կեցության հարցը կարգավորելու համար 8-10 հազար բնակարան է պահանջվելու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում