ԿԿարմեն Ղուկասյան

Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կդառնա ինքնաբավ

Մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կդառնա ինքնաբավ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:

ՀՀ տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարությունը մանրամասներ է ներկայացրել.

«Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը, և անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:

Նախագծով սահմանվում են 2040 թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները։
 
Ըստ ռազմավարության՝ մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկ համակարգը կունենա հետևյալ նկարագիրը՝
 
ինքնաբավ և արտահանմանն ուղղված բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, արդիական ենթակառուցվածքներով, տարեկան շուրջ 12 մլրդ կՎտժ արտադրության ծավալով էլեկտրաէներգետիկական համակարգ.
 
Տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց, հարևան երկրների էներգամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկան կապող խոշոր հանգույց.
 
Էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա հիմնված միջազգային լավագույն մոդելների վրա.
 
Վերականգնվող էներգետիկ պաշարների տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան: Էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի հնարավոր առավելագույն աճի ապահովում, 2030 թվականին առնվազն 15% արևային էներգիայի մասնաբաժնով.
 
Էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնածավալ իրականացում, էներգախնայողության և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրում կանաչ և գիտելիքահենք տնտեսության անցման գործում.
 
Ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացում, մասնավորապես Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում.
 
Սպառողներին հուսալի և անխափան, որակյալ էներգամատակարարում ու էներգահամակարգի բնականոն գործունեությունն ապահովող հավասարակշռված և կանխատեսելի սակագներ.
 
Վառելիքաէներգետիկ առաջնային պաշարների, մասնավորապես, բնական գազի Հայաստան մատակարարման ուղիների և ձևերի բազմազանեցում՝ երաշխավորելով գազի առնվազն երկու տեխնոլոգիական մուտք երկիր։
 
Ծրագրով նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների զարգացման ուղղությամբ՝ մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի 2026-2036 թթ. երկարաձգման աշխատանքների իրականացում, ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի (ներառյալ դրա երկարաձգումները) ավարտից հետո գործող կայանի հարթակում փոխարինող հզորության էներգաբլոկի կառուցում, Մասրիկ-155 ՄՎտ, Այգ-1200 ՄՎտ դրվածքային հզորության արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցում, արևային շուրջ 120 ՄՎտ հզորությամբ թվով 5 ֆոտովոլտային էլեկտրական կայանների կառուցման ծրագրերի իրականացում, փոքր ՀԷԿ-երի, հողմային կայանների կառուցում։
 
Աշխատանքներ կտարվեն բարձրավոլտ էլեկտրահաղորդման, բաշխման էլեկտրական ցանցերի, էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման, տարածաշրջանային էներգետիկ համագործակցության, ջերմամատակարարման, գազամատակարարման, էներգախնայողության, թվային էներգետիկայի և էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը միտված այլ ուղղություններով»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում