Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ, իր հատուկ հանձնարարականով, ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու։
«Արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում»,- տեղեկացրել է նախարարը:
Ավելի վաղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը անդրադարձել էր «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառմանը՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ:
ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ:










