Կառավարությունը փոխհատուցում է արցախցիների ընդունած հյուրատների կոմունալ ծախսերը

ՌՌոզա Խաչատրյան

Թե ինչքան ժամանակ է Երևանում՝ արցախցի Մարիշիկը չի հիշում: Իրենց տունը Մարտունիում է, բայց ինքն ու 5 քույր-եղբայրները տուն վերադառնալ դեռ չեն կարողանում:

Մարիշիկ - Ղարաբաղում մեր տունը կրակ ա ընկել:

Մեծ ընտանիքին հյուրընկալել է երևանյան փոքրիկ հյուրանոցներից մեկը: Վերջին 3-4 ամիսներին այստեղ են ապրում տան երկու մեծ տատերը, 6 թոռներն ու մայրը:

Ավագյան Էլինա - Երեք տղա, երեք աղջիկ, 7-րդն էլ է աղջիկ: Ես՝ որպես բազմազավակ, տուն էի սարքել մեզ համար, մի տարի ապրեցի մեջը, որ կռիվներն ընկան, տունս վառվեց, պետք է սարքենք:

Մեծ ընտանիքից միայն հայրն է Արցախում, այրված տունն է նորոգում, որ 7-րդ զավակը ծնվի Արցախում ու մեծանա հայրական տանը: Իսկ մինչև այդ, պատերազմի հաջորդ օրվանից, ընտանիքի մասին հոգ են տանում Երևանում:

Գևորգ Գրիգորյան («Սիթի հոթել» հյուրանոցի մենեջեր) - Հենց պատերազմի հաջորդ օրը մեր տնօրենը զանգահարեց ու ասաց, որ արդեն սկսում ենք փախստականների դիմավորել:

Սեպտեմբերի 28-ին արցախցիներին դիմավորեցին ու արդեն 4-րդ ամիսն է՝ հյուրանոցում հնչում է միայն արցախյան բարբառը: Շատ ընտանիքների ճանապարհել են տուն, որոշները դեռ այստեղ են:

Գևորգ Գրիգորյան - 120 հոգի ամենաքիչը մենք արդեն դիմավորել ենք, որոշները գնացել են, նորերն են եկել: Այս պահին, եթե չեմ սխալվում, 36 մարդ է մեզ մոտ հյուրընկալված:

Հյուրանոցի բնակիչներից Գրետա Մեհրաբյանը տեղեկացնում է՝ հարևաններն այստեղ չեն, հրավիրում է իրենց սենյակ զրույցի:

Գրետա Մեհրաբյան - Սրանից լավ տեղ էլ կա՞, շատ լավ ա:

Փախստականի կյանքն իրենից լավ ոչ ոք չգիտի, Բաքվի ջարդերի օրերին եկավ Ստեփանավան, երկրաշարժի պատճառով գնաց Արցախ, իսկ հիմա Երևանում է: Փախստական դառնալու վերջին ամսաթիվը սեպտեմբերի 27-ն է:

Գրետա Մեհրաբյան - Տղաս ասաց՝ մամա, կռիվն ա սկսվել, միշտ պոստերում ա լինում, չենք լսում, բայց դա արդեն օբշի էր սկսել: Մի երկու օր մնացինք, բայց էլ տարբերակ չկար:

Արցախցի հյուրերի ծախսերը հոգում է հյուրանոցը, բայց աջակցություն նույնպես ստանում են:

Գևորգ Գրիգորյան - Եթե ամեն ինչ մեր ուսերին լիներ, չէինք կարողանալու: Եղել են բարեգործներ, մարդիկ, որոնք առանց որևէ շահախնդրության աշխատել են:

Արցախահայությանն աջակցած հյուրանոցներին օգնում է նաև պետությունը՝ հյուրանոցների կոմունալ ծախսերը վճարելով:

Սերոբ Հունանյան (ՏԿԵՆ արցախցիների հարցով համակարգող) - Հոկտեմբեր ամսից աջակցություն ստացել է 356 տնտեսություն, որոնք հյուրընկալել են շուրջ 12 հազար մեր հայրենակիցներին, նաև 53 համայնքային և պետական հաստատություններ, որոնք հյուրընկալել են 1900 քաղաքացու: Ընդհանուր գումարը կազմել է 137 միլիոն դրամ:

Նոյեմբերին աջակցություն է ստացել 14 հազար արցախցի ընդունած 440 հյուրատուն և 59 պետական ու համայնքային հաստատություն: Ընդհանուր առմամբ՝ նախարարությունը փոխհատուցել է շուրջ 242 միլիոն դրամ:

Դեկտեմբերի տվյալները դեռևս ամփոփված չեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում