Դիլիջանում վարպետ Աշոտ Բաբայանի տուն-թանգարանի դուռը միշտ բաց է

ԳԳայանե Թամամյան

«Մի ստիր». այս փայտաշեն ցուցանակը հենց մուտքի մոտ է: Անկեղծությունը ժողովրդական վարպետ Աշոտ Բաբայանի ստեղծած աշխարհում գլխավոր պայմանն է, ինչպես բնության մեջ:

Աշոտ Բաբայան (ժողովրդական վարպետ) - Բնության օրենքն է, ամեն ինչ փոխադարձ Է:

Փայտ և անսպսռ երևակայություն:

Աշոտ Բաբայան - Միտքը էնքան անսահման ա, թեկուզ մի սենց տասը կյանք էլ ապրեմ, չեմ կարա վերջացնեմ:

Այստեղ ամեն ինչ խոսում է բնության լեզվով, ուղղակի նրա տվածին ինքը մի քիչ ավելացնում է իր սրտինը:

Աշոտ Բաբայան - Էս բնությունն ա ստեղծել, ստեղ ես մենակ էս եմ կպցրել: Տենում ես՝ էս կտուցը, աչքը. արագիլի նման ա, չէ՞: Փայտը շնչավոր ա, ըսենց էլ դնես, իրա շունչը տալիս ա, մեկ էլ իմ հոգին եմ դնում:

Սովորական փայտի կտորը, որ կարող է գտնել անտառում կամ գետնին ընկած, նրա ձեռքի տակ պարզ գործիքներով դառնում է ֆանտաստիկ ֆիգուր՝ անսպասելի լուծումներով: Իր հարազատ քաղաքը՝ Դիլիջանը, օրինակ, նրա համար երաժշտություն է, որ ինքը լսում է ամեն օր:

Աշոտ Բաբայան - էս կես քնար ա, նշանակում ա՝ կես երաժշտություն, Դիլիջան ա գրած: Դիլիջանն էլ լրացնում ա, դառնում ա մի ամբողջություն:

Դիլիջանի բանուկ փողոցի այս տունն ու անսովոր այգին՝ իր դռնակ-ցուցանակով, գրավում է միանգամից: Գիտեն նաև աշխարհի տարբեր կողմերում: Արդեն մի քանի տարի է՝ քաղաքի տուրիզմի քարտեզի վրա ամենաշատ այցելած հասցեներից է: Գերմանացիները, իտալացիները մտնում են, գլխարկը հանում, զգաստ կանգնում, մարդիկ իրենք են խոստովանում, որ այստեղ փոխվում են, ուրիշ էներգետիկա կա՝ պատմում է վարպետ Աշոտը;

Ստեղծագործել ուշ է սկսել՝ 20 տարում: 100-ավոր գործեր, և ոչ մեկը մյուսին չի կրկնում; Այգին նման է հեքիաթ-ֆիլմի դեկորացիայի, ասես լցնում է ծառերի լռությունը; Այստեղ նաև փոքրիկ մատուռ է կառուցել; Տեսնում է այն, ինչ շատերը չեն տեսնում:

Աշոտ Բաբայան - Միանգամից եկողը չի զգում, պիտի մի երկու բան ասես, պատկերացնեն, որովհետև սենց բան աշխարհում չկա:

Այս գործում տրամադրությունը որոշիչ է, խոսքը միայն փայտի մասին չէ:

Աշոտ Բաբայան - Տրամադրությունս որ տեղն ա լինում, օրինակ, մի բաժակ ջարդես, կամ մի բան ջարդի, ասա սրանից մի բան սարքի:

Օրն առանց մի բան ստեղծելու օր չէ, բայց պատերազմից ի վեր նոր գործ չի ծնվել, ասում է` ձեռքը չի գնում: Վարպետն ապրում է իր տուն-թանգարանում, դուռը միշտ բաց է; Իր արվեստին անուն չի դնում. թող լինի հեքիաթ՝ մեծերի ու փոքրերի համար: «Աշխարհին մանկան մաքրություն է պետք»,- ասում է վարպետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում