ՆՆարե Ոսկանյան

Գերիների մասին տեղեկություն տարածելով երբեմն բացահայտվում են ռազմավարական գաղտնիքներ

Գերիների մասին տեղեկություն տարածելով երբեմն բացահայտվում են ռազմավարական գաղտնիքներ

Սոցցանցերում ու լրատվամիջոցներում պետք է զերծ մնալ ադրբեջանական ծագում ունեցող լրատվության տարածումից՝ հատկապես գերիների, ռազմագերիների կամ ձերբակալվածների մասնակցությամբ, ասում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա շեշտում է՝ դրանք նախ` միջամտում են նրանց անձնական կյանքի հարգանքի իրավունքին:

Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ -  Հիմա հայրենադարձված գերիների հետ հարցազրույց անելու ուղղակի որս է սկսված տարբեր լրատվամիջոցներով, իսկ լրատվամիջոցները հիմա շատ շատ են: Յուրաքանչյուր ֆեյսբուքյան էջ ունեցող արդեն ինքը լրատվամիջոց է, փորձում են հնարավորինս արագ հասցնել, տարածել այդ ինֆորմացիան՝ տարբեր նպատակներով, տարբեր շարժառիթներ ունենալով, տարբեր շահեր ունենալով:

Զեյնալյանն ընդգծում է՝ այդպես բացահայտվում են ռազմավարական գաղտնիքներ:

Իրավապաշտպանի խոսքով՝ դրանք դատավարական գաղտնիքներ են և պետք է բացահայտվեն անհրաժեշտ պահի, մինչդեռ վաղաժամ բացահայտումը վնասում է գործի պաշտպանությանը։

Կոչ է անում հայրենադարձված գերիների, ռազմագերիների մասին պատմող տեսանյութեր չհրապարակել, քանի որ դրանք վտանգի տակ են դնում այդպիսի պայմաններում գտնվող անձանց կյանքը:


Արտակ Զեյնալյան - Վերջին վեց հոգին, որոնք 70 օր գտնվել էին անորոշության մեջ, գտնվել էին անտառներում, պատսպարվել էին, նրանց հայտնի չէր եղել, որ պատերազմն ավարտված է: Նրանց վերաբերյալ նյութերը գուցե հիմք հանդիսացան դեկտեմբերի 27-ին ևս վեց զինծառայողի սպանության համար: Ադրբեջանցիների կողմից Հադրութի շրջանի գյուղերից մեկում սպանվեց 6 հայորդի:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից էլ հայտնում են՝ այն ամենը, ինչը տեղադրվում է համացանցում, այնտեղ մնում է հավերժ:

Գևորգ Հայրապետյան, ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ - Գերության մեջ գտնվող կամ գտնված անձանց կյանքի այդ դժվարին դրվագների մասին տեղեկությունը նույնպես մնալու է համացանցում և ունի ներքին զգայունություն ու կարող է հետագայում բացասաբար ազդել մարդկանց կյանք վրա:

Հայրապետյանի խոսքով՝ դրանք պետք է արվեն ապաանձնավորված, չափավոր տվյալներով, իրավաչափ և ոչ անհիմն:

Գևորգ Հայրապետյան - Երբ տվյալներ օգտագործողի կամ տարածողի նպատակն իրավասու մարմնին որևէ տեղեկություն տրամադրելն է հարցի վերաբերյալ, ապա համաչափության սկզբունքից կբխի, որ եթե նպատակը կոնկրետ ինչ-որ մի մարմնի տեղեկացնելն է այս կամ այն անձի վերաբերյալ, ապա այդ մարմնին հաղորդեն, այլ ոչ թե համացանցում՝ հավերժ բոլորի համար հասանելի:

Արտակ Զեյնալյանի խոսքով, եթե կշեռքի նժարների վրա են գտնվում դատավարական, անձնական կյանքի հարգանքի, առավել ևս, կյանքի իրավունքը, ապա պետք է ստորադասվի լրատվամիջոցի՝ տեղեկությունը տարածելու իրավունքը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում