ԿԿարմեն Ղուկասյան

Արցախում նոր շենքեր են կառուցվում, բնակարանների են վերափոխվում տարբեր նշանակության շինություններ

Արցախում նոր շենքեր են կառուցվում, բնակարանների են վերափոխվում տարբեր նշանակության շինություններ

Արցախում սկսվել է պատերազմի հետևանքով վնասված ընդհանուր առմամբ մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքը, որից ավելի քան 250-ն ավարտված են: Այս մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:

Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել՝ դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝ վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը:

Պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհայտ կորածների ընտանիքներին։

 

Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից ուսումնասիրված են մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել 329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են 211-ում, իսկ 118-ում ընթացքում են:

 

Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից 320-ը՝ Մարտակերտում, մյուսները՝ գյուղական բնակավայրերում: Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ Շեն գյուղերը: Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը, 14-ն ավարտված են:

 

Շուրջ 1300 տուն է վնասվել Մարտունու շրջանում: Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել են, իսկ 52-ն ընթացքում են: Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր Շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:

 

Ասկերանի շրջանումպատերազմի հետևանքով մեծ մասամբ տուժել են Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է։

 

Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ 6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում՝ նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:

 

Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝ Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է, որը կատարվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում