ՌՌոզա Խաչատրյան

Գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստան. Թաթոյան

Գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստան. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին:

 
«1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:
 

Դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի, և վերջ:

 

2. Բացարձակ անթույլատրելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման կամ վերադարձի հետ:

Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստականորեն ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը և նույնիսկ փորձեր են արվում ներկայացնելու իրական թվից նվազ թվաքանակ, այդ ամբողջ ընթացքում շարունակվել է նրանց հանդեպ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդոտվում է զոհվածների մարմինների փոխանակումը և այլն:

 

Արդեն հայտարարել եմ, որ այս ամենը հոգեկան տառապանքներ է պատճառում գերիների ընտանիքներին, խաղում է հայ հասարակության էմոցիաների հետ ու լարվածություն է առաջացնում մեր երկրում, և դա արվում է նպատակային:

 
Այս եզրահանգումները հիմնված են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների ուսումնասիրությունների, ինչպես նաև շուրջօրյա մշտադիտարկման արդյունքների վրա:

 

3. Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ և ձերբակալված են, կոպտորեն ոտնահարում են հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները:

 

Այդ հայտարարություններն ուղղակիորեն հակասում են նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին: Նրանք կարգավիճակով գերի են և վերջ:

 

Նույնությամբ՝ բոլոր պահանջները պետք է տարածվեն նաև զոհվածների մարմինների փոխանակման և անհայտ կորածների որոնողական ու փրկարարական աշխատանքների նկատմամբ:

 

4. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակապես դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող այս հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ դա քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը»:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում