ՎՎահե Կոստանդյան

REP Աջակցություն հյուրընկալող ընտանիքներին

Պատերազմն այնպես արեց, որ Թեհրանից Երևան տեղափոխված Շամիրզայանների ընտանիքը Երևանում բարեկամացավ Ասկերանից, Հադրութից, Ստեփանակերտից տեղահանված ընտանիքների հետ: Հայի ճակատագիր է՝ ասում է Արա Շամիրզայանը:

Գայանե Զաքարյան (հյուրընկալվող) - Բարեկամացել ենք, հա, շատ լավ մարդիկ են: Սկզբից շատ էինք:

Արա Շամիրզայան (հյուրընկալող) - Առաջ մի ընտանիք եկավ, հետո կամաց-կամաց շատացան:

Եվ այդպես՝ ավելի քան 30 հոգի: Երևանում կառուցված առանձնատանն արդեն տեղ չկար: Կնոջ հայրական տունը ևս հյուրատուն դարձրին: Արցախից տեղահանվածներին տեղավորելու գործին միացան Արայի ընկերները: Մահճակալ, անկողին՝ ով ինչ ուներ, շատ արագ տեղափոխեցին Շամիրզայանների տուն:

Արա Շամիրզայան - Էս մահճակալները բերեցին, անկողին դասավորեցինք, ու մի օրում կազմակերպվեց: Շատ հետաքրքիր էր այդ պահը: Առաջին օրերին չէի հասցնում անձամբ մի բան անեմ, ամեն մարդ գալիս էր, փորձում էր մի բան անել:

Արան տեղահանվածների նկատմամբ անտարբեր չէր կարող մնալ: Երբ իրանա-իրաքյան պատերազմի օրերին՝ Թեհրանի ռմբակոծության ժամանակ, իրենք էլ բարեկամների հետ ապաստան են գտել քաղաքից դուրս ամառանոցում: Հրադադարից հետո մարդիկ դեռ այստեղ են, կմնան այնքան, որքան անհրաժեշտ է՝ ասում է Արան:

Բացի արցախցիներին հատկացվող աջակցությունից, հունվարին կմեկնարկի նաև հյուրընկալող ընտանիքների աջակցության երկրորդ ծրագիրը: Առաջին ծրագրով ֆինանսական աջակցություն էր սահմանվում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալողներին:

Արտակ Հարությունյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված ընտանիքների սոցիալական բաժնի պետի պաշտոնակատար)  - Երկրորդ միջոցառումը եռամսյա միջոցառում է, վերաբերում է Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակիչներին, սակայն այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց անշարժ գույքը: Երկու միջոցառման համար էլ շահառուն հյուրընկալողն է:

Ծրագրի շահառու են համարվում 2020-ի դեկտեմբերին և 2021-ի հունվար-փետրվարին կացարան տրամադրողները: Ծրագրից օգտվելու համար հյուրընկալողը պետք է դիմում ներկայացնի էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Արտակ Հարությունյան - Գումարի չափը, որը ստանալու են հյուրընկալները, կախված է յուրաքանչյուր չափահաս անձանց թվից: Յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի համար՝ 30 հազար դրամ, եթե կացարանը Հայաստանի Հանրապետությունում է, և յուրաքանչյուր հյուրընկալվող չափահաս անձի համար՝ 45 հազար դրամ, եթե հյուրընկալող կացարանը Արցախի Հանրապետությունում է:

Թեև աջակցության տրամադրումը կմեկնարկի հունվարից, սակայն Արա Շամիրզայանն արդեն որոշել է՝ աջակցությունից չի օգտվելու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում