ՆՆարե Ոսկանյան

Հայ գիտնականն Իսպանիայի խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում սկսել է աշխատանքները

Հայ գիտնականն Իսպանիայի խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում սկսել է աշխատանքները

Աննա Նեբիշն առաջին հայ գիտնականն էր, որ տարեսկզբին շահել է ԵՄ «Հորիզոն 2020» Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը և այժմ Իսպանիայում կարող է ժամանակակից մեթոդներով խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ իրականացնել ու նոր գեներ հայտնաբերել: 

Աննա Նեբիշը 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերից Իսպանիայի Լոգրոնիո քաղաքում է ու արդեն նորություններ ունի:

«Վերջերս շահել ենք Եվրոպական միջերկրամասային նախագիծ՝ «Խաղողի անհետացող գենետիկական ռեսուրսների ուսումնասիրություն` խաղողագործության կայունության բարձրացման նպատակով» (Exploring neglected grapevine genetic resources to increase viticulture sustainability): Այն թույլ կտա գտնել հազվագյուտ կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր սորտեր, որոնք կնպաստեն խաղողի կենսաբազմազանության պահպանմանը և խաղողագործության կայուն զարգացմանը: Նախագծում ընդգրկված են Հայաստանը, Իսպանիան, Չեռնոգորիան և Մարոկկոն: Հայաստանից մասնակցում է ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնը: Հետագայում Մարի Սկլոդովսկա-Կյուրի նախագծի մոլեկուլային գենետիկայի բնագավառում ստացված գիտական փորձը և ամենաժամանակակից մեթոդները հնարավոր կլինի կիրառել Հայաստանում ինչպես բուհերի կրթական համակարգում, այնպես էլ գիտական կենտրոններում»,- ասաց բույսերի գենետիկ Ա. Նեբիշը:

Նա պատմեց, որ  իր հետ Հայաստանից Իսպանիայի խաղողի և գինու ինստիտուտ է բերել նախապես  չորացած տերևներ, ծաղիկներ, որոնք ուսումնասիրելու է բազմակողմանի աշխատանքներում: Այժմ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների փուլում է, որոնց համար օգտագործում է չորացած տերևներ: Ասաց, որ իր հետ բերել է վայրի խաղողի սորտերին առնչվող նյութեր, որոնց հետազոտման համար ամիսներ են պետք: Կատարում է  հայկական, հիմնականում՝ անսերմ խաղողների սորտերի գենետիկական հետազոտություն:

«Պետք է կատարեմ հետազոտություն, որով կկարողանամ գտնել խաղողի անսերմության գենը, քանի որ անսերմությունը խաղողի մոտ տարբեր է լինում, դրանք պետք է գտնվեն բազմակողմանի հետազոտության արդյունքում: Հետազոտական աշխատանքներն իրականացվելու են նաև Իտալիայում»,- ասաց Աննա Նեբիշը:

 Հայ գիտնականի խոսքով՝ Հայաստանում ստացած կրթությունն ու աշխատանքային փորձը այդտեղ բավարար են, բայց նոր մեթոդներ էլ է սովորում, քանի որ ժամանակակից սարքերով է իրականացնում հետազոտությունը: 

«Հայաստանը խաղողի ծագման շրջաններից մեկն է, և համարվում է, որ խաղողի անսերմության գենը եվրոպական երկրներ է եկել հենց մեր շրջանից՝ Հայաստանից, և եվրոպացիների համար հետաքրքիր է հենց այդ անսերմության գենը գտնել Հայաստանում»,- ասաց բույսերի գենետիկը:

Հայ գիտնականը մեծ ոգևորությամբ է սկսել իր հետազոտությունները, որպեսզի ժամանակին իրականացնի բոլոր գիտական փորձերը, դրանք քննարկվեն ու նաև արդյունքները տպագրվեն: Ասաց՝ ուրախ է, որ այդտեղ Հայաստանն է ներկայացնում: Նախագիծը երկու տարով է իրականացվում:

Գիտնականը վստահեցրեց, որ երկու տարի անց, կարծում է՝ Հայաստան վերադառնալիս կունենանք ավելի բարձր գիտական մակարդակ ու ավելի սերտ համագործակցային կապեր միջազգային հետազոտական կենտրոնների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում