Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․
Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում:
Նշված քաղաքացիներն օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները:
Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում:
Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք՝ երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։










