Լիբանանահայ կամավորն արցախցի փոքրիկների համար կրկեսային դասեր է անցկացնում

ՆՆարե Ոսկանյան

Բեյրութաբնակ Փարամազն առաջին անգամ Հայաստան այցելել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիմա կրկին հայրենիքում է՝ Արցախյան պատերազմից հետո փոքրիկ արցախցիների առօրյան փոխելու ու նրանց համար աճպարարության դասեր անցկացնելու:

«Ես ամենալավ բանը, որն անում ու սիրում եմ, կրկեսն է: Ասացի՝ պետք է գամ  ու ինչպես կարող եմ՝ օգնեմ, կրկեսի դասեր, խաղեր անցկացնեմ»,- ասում է Փարամազը՝ նշելով, որ ուրախ է, որ թեկուզ մեկ ժամով կարող է երեխաների տրամադրությունը փոխել ու բարձրացնել: 

Փարամազը պատմում է՝ Բեյրութում խանութ ունի, որտեղ վաճառում են հենց իրենց պատրաստած կրկեսային իրերը, այնտեղ նաև շոուներ են կազմակերպում ու կրկեսի դասեր անցկացնում: Կամավորն արդեն հասցրել է լինել Հայաստանի մոտ 10 գյուղում, շուրջ 200 երեխայի համար կրկեսի դասեր անցկացնել: Ասում է՝ կան տեղեր, որտեղ երեխաների համար բարենպաստ պայմաններ են, բայց հակառակն էլ է տեսել:

«Կփորձենք ինչքան վատ լինի վիճակը, այնքան ավելի ջանք թափենք, որ իրենց էներգիան բարձրացնենք այդ մեկ ժամվա մեջ»,- ասում է լիբանանահայ կամավորը:

Հերթական դասն էլ Երևանում է կազմակերպել՝ արցախցի մի խումբ փոքրիկների համախմբելով մեկ հարկի տակ: Փարամազն ասում է՝ երջանկություն է երեխաներին ժպիտ պարգևելը: Մեծ ցանկություն ունի համագործակցելու Երևանի կրկեսի հետ ու նպաստելու ոլորտի զորացմանը: Շուտով Լիբանան է մեկնելու, բայց՝ հայրենիքում զուգահեռ աշխատանքներ իրականացնելու գաղափարներով:

«Ես հույս ունեմ, որ մեզ պես երիտասարդները, լինեն այստեղից  թե այլ տեղից,  ձեռք ձեռքի պետք է տան, որ լավագույն Հայաստանը շինենք իրար հետ»,- Փարամազն այս խոսքերը մեծ հավատով է ասում՝ նշելով, որ ինքն իր հերթին անելու է ամենը՝ այդ նպատակին հասնելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում