«Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:
Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու: Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու «Նիսան Պիկապ» մակնիշի ամենագնաց մեքենաները:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստրատեգիական կարևորության օբյեկտ է` տարածաշրջանային, սոցիալական, մասնավորապես՝ Արարատի մարզի սոցիալ֊տնտեսական իմաստով։ Շնորհակալություն հայտնեցի անտառ ՊՈԱԿ֊ի տնօրինությանը, ծառայության ղեկավարին, տնօրենին և փոխտնօրենին` նախագիծը կյանքի կոչելու համար և հույս հայտնեցի, որ ամենակարճ ժամկետներում արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ կգրանցվեն։
Առանձնակի շեշտեցի նաև նոր մշակույթ կրող աշխատակիցների համալրման կարևորությունը։ Քննարկվեց նաև 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած միջադեպի մանրամասները` կապված Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի հետ։ ՊՈԱԿ֊ի տնօրեն Բորիս Բաղդասարյանը նշեց, որ ձեռք բերված փաստերով Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Առկա է անհրաժեշտ համագործակցություն իրավապահ մարմնի և ՊՈԱԿ֊ի միջև։










