Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցի քննարկմամբ: Նախագիծն ընդունվեց միաձայն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասնեց, որ միջոցառմամբ առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության խմբերի՝
- առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 ՀՀ դրամի չափով,
- երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 ՀՀ դրամի չափով,
- երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 ՀՀ դրամի չափով,
- հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 ՀՀ դրամի չափով,
երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 3 միլիոն դրամ:
«Զինծառայողների պարագայում հարցը կարգավորվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով: Մենք ամիսներ առաջ նման կարգավորում ունեցանք սահմանամերձ գյուղերում տեղի ունեցող դեպքերի համար: Հիմա փաստորեն կարգավորում ենք տալիս նաև այս հարցին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:













