ՆՆարեկ Սահակյան

Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել են դպրոցները

Մարտակերտի գրեթե բոլոր բնակավայրերում վերաբացվել են դպրոցները

Արցախի Մարտակերտի շրջանում առաջնահերթ խնդիրներից է բնակարանային ապահովման լուծումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետակոծության հետևանքով  մասամբ կամ ամբողջությամբ վնասվել է Մարտակերտի բնակֆոնդի 70-80 տոկոսը: Ընդ որում՝  հիմնովին ավերված բնակարանների թիվը համեմատաբար փոքր է: Մեծ մասամբ վնասվել են բնակելի շենքերի ու առանձնատների տանիքներն ու պատուհանները: Մարտակերտ է վերադարձել շրջկենտրոնի բնակչության 50, իսկ գյուղերում՝ 90 տոկոսը: Այդ թվերն այժմ աճողական միտում ունեն: Բնակչությանը տեղավորելու համար տրամադրում ենք պոլիէթիլենային թաղանթներ պատուհանները ժամանակավորապես ծածկելու համար: Աշխատանքներ ենք տանում նաև վնասված բնակֆոնդի վերականգնման ուղղությամբ, սակայն դրանք առայժմ դանդաղ են ընթանում՝ կապված շինանյութի մատակարարման խնդիրների հետ: Ընդհանուր առմամբ շրջանի բնակավայրերում  են վերաբնակվել նաև Մարտակերտի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած գյուղերի 360 ընտանիք: Թալիշի ու Մատաղիսի բնակչության հետ անօթևան մնացած ընտանիքների թիվը հասնում է 500-ի: Նրանց բնակարաններով ապահովելու համար ընդհանուր առմամբ կպահանջվեն համապատասխան թվով նոր բնակարաններ: Խնդրի լուծման համար նախատեսում ենք նաև գնել և նրանց տրամադրել այն բնակարանները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի այստեղ չեն բնակվում»,- մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Հայկ Բախշիյանը ավելացրել է, որ Մարտակերտի շրջանի գրեթե  բոլոր բնակավայրերում, բացառությամբ երկու գյուղից, վերաբացվել և գործում են դպրոցական հաստատությունները: Շրջանի դպրոցներում սովորող աշակերտների թիվը կազմում է 1476՝ մինչպատերազմյան 3367-ի փոխարեն:

Անդրադառնալով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը՝ Բախշիյանը տեղեկացրել է, որ ներկայումս 75-80 տոկոսով վերականգնվել է Մարտակերտի գազամատակարարումը, գրեթե ամբողջությամբ՝ էլեկտրամատակարարումը: 

«Մարտակերտում այս պահին վատ վիճակում են կապի միջոցները: Համացանց առայժմ չկա: Դժվարությամբ ենք կարողանում զանգահարել Հայաստանի Հանրապետության հեռախոսահամարներով, և հակառակը՝ այնտեղից չեն կարողանում զանգահարել մեզ»,- նշել է Հայկ Բախշիյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում