ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծի վերաբերյալ:
Ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ ընդունվել է ՀՀ ԶՈՒ և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծման և ՀՀ զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունը և մարդկանց կյանքի ու անվտանգության իրավունքն ապահովելու նպատակով՝ հիշեցրեց Ավանեսյանը՝ ընդգծելով, որ որոշումը գործի է դրել ոչ միայն ռազմական, այլև տնտեսական, առողջապահական, պետական և տնտեսական կառավարման մի ամբողջ համալիր:
«Վերջին երկու ամիսներին ՀՀ-ը հնարավորություն է ունեցել ապահովելու վիրավոր զինծառայողների և խաղաղ բնակչության բժշկական ապահովության, նաև նյութական այլ ապահովության բարձր մակարդակ նաև շնորհիվ Սփյուռքի և ՀՀ քաղաքացիների աջակցության: Ռազմական դրության մասին որոշումը հնարավորություն է ընձեռել ապահովելու այս աջակցության ողջ գործընթացը, ազատելու դրանք հարկային, մաքսային բոլոր պարտավորությունից, նաև ստեղծվել են կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հնարավորինս արագ ձևով ապահովել բաշխումն ու հասցնել շահառուներին»,- նշեց առողջապահության նախարարի առաջին տեղակալը:
Հարցով զեկուցող Գևորգ Գորգիսյանի պնդմանը, թե ռազմական դրության հայտարարմամբ ուժի մեջ մտած կառավարության որոշումները հնարավոր է փոփոխել, և դրանք կարող են գործել ոչ ռազմական դրության պայմաններում, Ավանիսյանը նշեց՝ այսպիսի ծավալով և ընթացակարգերով, ներկայիս կարգավորման պայմաններով դրանք կարող են գործադրվել միայն ռազմական դրության դեպքում:
Ավանեսյանը հայտնեց, որ նախապատրաստվել է և քննարկման փուլում է գտնվում օրենսդրական փոփոխությունների մի ողջ փաթեթ, որը հնարավորություն կտա մի կողմից ապահովելու բոլոր աշխատանքների բնականոն ընթացքը և՛ հումանիտար բեռների, և՛ վիրավորների, և՛ քաղաքացիական բնակչության բժշկական սպասարկման պատշաճ մակարդակը, մյուս կողմից էլ՝ արդեն հնարավորություն կստեղծվի դուրս գալ ռազմական դրության իրավիճակից:
«Կառավարությունը նաև քննարկում է ռազմական դրության որոշմամբ սահմանված անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալի վերանայումը: Դրանք կպահպանվեն միայն այն ծավալով ու բովանդակությամբ, ինչը կբխի իրավիճակից և հիմնավորված կլինի»,- նշեց Ավանեսյանը:
Երկիրն անցնցում, հնարավորինս ճշգրիտ և պաշտպանական ու քաղաքական բոլոր հանգամանքները հաշվի առնելով, նոր իրողություններին նախապատրաստելով՝ փաթեթ է նախապատրաստում նաև պաշտպանության նախարարությունը:
Խորհրդարանում նախագծի քննարկման հետաձգման պայմանով՝ Կառավարությունը երեկ էլ իր պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու ռազմական դրության մասնակի դադարեցման, ծավալի վերանայման և պաշտպանական գերատեսչության կողմից ներկայացված հիմնավորումների պարագայում նաև հետագա չեղարկման հարցը՝ նշեց Անահիտ Ավանեսյանը:










