«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում և Արցախում: Արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաև տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ: Հայտերն ընդունվում են [email protected] էլհասցեով:
«Ավրորան» նաև հայտարարել է այս ուղղությամբ աշխատանքային հիմնական սկզբունքների և #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին:
Ֆինանսական աջակցության հայտերից և նվիրատվություններից բացի, ընդունվում են նաև կամավորության և փորձագիտական օգնության տրամադրման մասին առաջարկներ, ինչպես նաև նրանցից օգնություն ստանալու անհրաժեշտության մասին դիմումներ: Երեքշաբթի՝ դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցուցակը:
Արդեն հաստատված նախագծերի ցանկը, որոնց ֆինանսավորում է «Ավրորան», ներկայացվում է ստորև.
Մարդասիրական անհապաղ օգնություն ընտանիքներին և երեխաներին
- Աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6,4 մլն դրամ)
- Մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
- Անկողնային պարագաների 1000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.700 ԱՄՆ դոլար (6,5 մլն դրամ)
- 500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար (6,1 մլն դրամ)
- Պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
- 200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2500 ԱՄՆ դոլար (1,3 մլն դրամ)
Բժշկական օգնություն
- Աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորման վերականգնման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5,4 մլն դրամ)
- Աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ Արցախի և Հայաստանի դժվարհասանելի շրջաններում գտնվող տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
- Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում (Support Our Heroes հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)
- Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2000 ԱՄՆ դոլար (1 մլն դրամ)
- 55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ)
Վերականգնում, կահավորում
- Աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնման համար (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)
- Աջակցություն Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ հրետակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ)
- Աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար, որը 6 ամիս կտրամադրի անվճար հաց և կստեղծի նոր աշխատատեղեր («Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
- Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
- Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
Սնունդ
- Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդկանց սննդի կազմակերպում 15 օր շարունակ (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ)
- 30 օր շարունակ սննդի տրամադրում «Տիրամայր Հայաստանի» ճամբարում (Գյումրի) ապաստանած արցախցի 65 երեխաների և մեծահասակների՝ 9750 ԱՄՆ դոլար (5 մլն դրամ)
Առաջին անհրաժեշտության իրեր
- Առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերում Հայաստանում ապաստանած արցախցի 200 ընտանիքների համար («Հուսո տուն» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ)
- Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2050 ԱՄՆ դոլար (1,05 մլն դրամ):










