Արցախցի տասնյակ ընտանիքներ ժամանակավոր ապաստան են գտել Տավուշում

ԳԳայանե Թամամյան

Ստեփանակերտցի Մարիամն ու Մերին Արցախի մասին են արտասանում ու նկարում, նաև` մայրիկի հետ մայրենիի ուղղագրական բառացանկ են կազմել, որ չմոռանան: Մոտ մեկ ամիս է՝ հեռու են ծննդավայրից:

Պատերազմի առաջին օրերից Արցախի տարբեր բնակավայրերից տասնյակ ընտանիքներ ապաստանել են Դիլիջանում: Գրեթե մեկ ամիս՝ տասը ընտանիքի, 40 հոգու՝  կանանց և երեխաների, իր հարկի տակ է առել «Հաղարծին» հանգստյան համալիրը:
 
Արմինե Աբգարյան (Հաղարծին» հանգստյան համալիրի մենեջեր) -  Ե՛վ սննդի, և՛ սենյակների, երեխաների խնամքի՝ ամեն ինչը կազմակերպվում է: Երեխաների համար հրավիրում ենք հեքիաթի հերոսներ, փոքրիկ երեկույթներ և՛ երեխաների, և՛ մեծերի համար: Ինչով կարողանում՝ օգնում ենք, իհարկե, մարզպետարանի և համայնքապետարանի հետ համատեղ:

Ուշադրության պակաս չեն զգում, բայց Հաթերք գյուղից տիկին Ռայան տեղը չի գտնում: Ուզում է օր առաջ գյուղ վերադառնալ: Եկել է երկու հարսների, թոռան ու ծոռան հետ: Թոռներն առաջնագծում են, զոհ ունեն, ամեն օր աղոթում է մյուսների համար:
 
Ռայա Առուշանյան (ԱՀ Հաթերք գյուղի բնակիչ) -  Ամեն գործ էլ արել եմ, տուն եմ տրել… տղես պատերազմի հաշմանդամ ա, թոռս էս պատերազմում մահացել ա, մի ամիս չկա... մանկապարտեզը էրալ են, սադերը էրալ են, գյուղերը էրալ են: Հայի պահանջն ի՞նչ ա` մեզ իրավունք չունի՞նք մեր հողումն ապրինք: Մեր իրավունքը մեզ տան, մեր պահանջը դա ա, էս բոլորի պահանջը դա ա:

Մարտունու շրջանից Լյուբան ամեն ինչ թողել, եկել է երկու երեխայի հետ, ամուսինը երկու որդիների հետ կռիվ է տալիս հայրենի հող ու ջրի համար, մեկը վիրավորվել, հիմա ապաքինվում է: Ինքն այստեղ, սիրտը՝ այնտեղ:

Լյուբա Աբգարյան  (ԱՀ Մարտունու շրջանի բնակիչ) - Ո՛չ հարստություն, ո՛չ շոր, ո՛չ հաց, ոչ մի բան՝ էնքան որ գնանք մեր տունը, խաղաղություն լինի:

Սիրտս կտոր-կտոր է լինում, հարազատ դպրոցս Ստեփանակերտում ավերվել է ռմբակոծությունից՝ ցավով ասում է ուսուցչուհի Նաիրուհի Գևորգյանը, կարոտել է իր 27 աշակերտներին, նրանց հետ կապը հեռախոսային է.
 
Նաիրուհի Գևորգյան (ուսուցչուհի) - Մենք պատրաստ ենք նույնիսկ նկուղներում դասավանդել, ճիշտ է, մեզ էստեղ շատ լավ են ընդունում, բայց մենք մեր տունն ենք ուզում, ուզում ենք՝ պատերազմը շուտ վերջանա: 

9-ամյա Մարիամը իր և բոլորի ցանկությունը նկարել էր. «Տունը նկարել եմ, որովհետև շատ եմ ուզում տուն գնալ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում