Արցախցի ընտանիքների կացարանի հարցը կարգավորվում է առավելագույնը 24 ժամում

ՄՄայա Խաչատրյան

Արցախցի այս ընտանիքներն իրենց տան դուռը ժամանակավոր են փակել, եկել Հայաստան՝ մինչև թշնամին վերջնականապես կհասկանա, որ անզոր է արցախցուն հանել տնից ու հայրենազրկել նրան: Սա նաև վստահեցնում է առաջնագծում կռվող երկու զինվորի հայրը: Նա հարևանների հետ գիշերն է տեղափոխվել Երևան:

Գարեգին Ասատրյան (Արցախի բնակիչ) - Որպես զինվորի հայր, որպես սպայի հայր` հաղթելու ենք: Ղարաբաղցին կողը հաստ մարդ ա, եթե ասաց, ուրեմն՝ պահելու է իր տունը, իր տեղը, իր հայրենիքը:

Արցախցի ընտանիքներին կացարանով ապահովելու գործընթացը կազմակերպում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հրաչյա Ներսիսյան 14/1 հասցեում: Այստեղ դիմավորում են, գրանցում, ապահովում առաջին անհրաժեշտության պարագաներով, գիշերակացի տեղ տալիս, 24 ժամում տեղավորում ընտանիքներին:

Խաչիկ Դավթյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ավագ մասնագետ) - Առավելագույնը 24 ժամ են մնում այստեղ, գիշերակացի համար է, կացարանը գտնում ենք ու ուղարկում:

Սոցապնախարարությունն արցախցի ընտանիքների համար կացարան գտնում է Երևանում, նաև՝ մարզերում: Աշխատում են 24 ժամ, երկու թեժ գիծ ունեն, ոչ մի զանգ անպատասխան չեն թողնում` վստահեցնում է նախարարության ներկայացուցիչը:

Խաչիկ Դավթյան - Բացառություններ չկան, բժիշկ կա, որ ստուգում է, ջերմաչափում, եթե պետք ա, տեղափոխում ենք հիվանդանոց:

Արցախցիներին օգնում են նաև կամավորները: Սկաուտական խմբի անդամները երեխաներին մենակ չեն թողնում:

Նաիրա Խոջոյան (կամավոր) - Կամավորներն այստեղ օգնում են 24 ժամ, մենք աշխատում ենք երեխաների հետ, միշտ իրենց հետ ենք լինում:

Գևորգը` Ճարտարի, Հովհաննիսյան քույրերը` Մարտակերտի աշունն են պատկերում սպիտակ թղթի վրա: Մինչև կմեկնեն ժամանակավոր իրենց կացարան, զրուցում են նաև հոգեբանի հետ:

Սյուզաննա Բաբայան (հոգեբան) - Գալիս են բազմաթիվ երեխաներ, հիմնական նպատակը երեխաների վատ տրամադրությունը ցրելն է, լարվածությունը նվազեցնելը: Նկարում են, խաղեր ենք կազմակերպում, ու, թվում ա՝ հաջողվել է, չէ՞, դե լսի, գնացել ենք դրոշակը բարձրացրել:

Փոքրերի խմբում նաև Գրիշան է, երեք եղբայրները դիրքերում պայքարում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ: Հինգ երեխաների մայրը մեկ խնդրանք ունի, այն էլ՝ միջազգային հանրությունից: Աշխարհին կոչ է անում կանգնեցնել թշնամուն:

Լաուրա Առաքելյան (Արցախի բնակիչ) - Ցեղասպանություն ա, մեծ-փոքր` չեն նայում... Թաղավար գյուղից եմ, մեր գյուղ էլ են մտել էդ ոչխարները, ոճրագործները: Նրանք Աստված չունեն, Աստված չեն հասկանում: Ծնկաչոք աղաչում եմ՝ նրանց կանգնեցրեք, կանգնեցրեք:

Երեք զինվոր տղաները դիրք բարձրանալուց առաջ վստահեցրել են մորը՝ Արցախի դեմ վայրագություններ իրականացնող թշնամուն ջարդելու են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում