Գրքեր կգրվեն այս պատերազմի ու նորօրյա հերոսների մասին. գրքի վաճառքի հասույթի կեսը կուղարկեն զինվորին

ՀՀովհաննես Վարդանյան

Գրողին, հրատարակչին ու ընթերցողին մեկտեղել է գրքի ամենամյա տոնավաճառը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում ներկայացված է հրատարակչությունների ու գրատների ավելի քան 30 տաղավար: Գրքի վաճառքից ստացված հասույթի կեսն էլ ուղղվելու է կարևոր նպատակի:

Արմեն Սարգսյան (ՀՀ ԿԳՄՍՆ գրականության ոլորտի գլխավոր մասնագետ) - Շատ ուրախ ենք, որ ունենք հայրենասեր հրատարակիչներ, որոնք պատրաստ են իրենց բիզնեսի, նաև սուղ միջոցներն ուղղել ռազմաճակատին: 

Գեղարվեստական գրականությունից բացի՝ տաղավարներում բազմաժանր գրքեր են՝ նախատեսված նաև երեխաների, պատանիների ու բիզնեսով զբաղվողների համար: «Գրանիշի» տաղավարում հիմնականում երիտասարդ գրողների գործեր են: Հրատարակիչն ասում է՝ թիկունքում կյանքը պետք է ակտիվանա, որ ռազմաճակատում զինվորը նոր հաղթանակներ կերտի:

Հասմիկ Հակոբյան (Granish.org կայքի գլխավոր խմբագիր) - Մենք պետք է կարողանանք հաղթահարել ու ամուր պահել, ունենալ տնտեսություն, շարունակել ապրել, որովհետև վերջին հաշվով՝ մեր պայքարը ապրելու համար է: Եթե մենք պետք է նահանջենք, բոլոր իմաստներով նահանջենք՝ հրատարակիչը նահանջի, գրողը նահանջի, մենք վատ օրինակ ենք ծառայելու առաջնագծում կանգնած մեր զինվորականների համար:

Ընթերցողներից շատերին գրքի տոնավաճառ բերել է զինվորին օգնելու ցանկությունը: Գրքասեր Անահիտը հերթով տաղավարներում շրջել՝ մեկի փոխարեն երեք գիրք է ընտրել.

Անահիտ Մուշեղյան - Քանի որ առաջնագծում չեմ, այստեղ՝ թիկունքում եմ փորձում ինչ-որ բաներ անել: Սա էլ փոքրիկ ներդրումներից մեկն էր, ու, կարծում եմ, որ թվում է, թե մեկ-երկու գիրք գնելով՝ առանձնապես եղանակ չենք փոխում, բայց վստահ եմ՝ օրվա վերջում բավականին մեծ գումար է հավաքված լինելու:

Որոշ հրատարակչություններ ներկայացրել են նաև իրենց նոր գրքերը։ «Անտարեսը» տոնավաճառ է բերել Արտավազդ Եղիազարյանի նկարազարդ գիրքը. արկածային մի վեպ, հայկական սյուժե՝ կոլորիտային ու ժամանակակից պերսոնաժներով:

Արտավազդ Եղիազարյան («Վիշապաքարի գաղտնիքը» գրքի հեղինակ) - Գիրքը կոչվում է «Վիշապաքարի գաղտնիքը», ֆենթզի ժանրի ստեղծագործություն է: Ուրախ եմ, որ մարդիկ նոր գրքեր են գնում: Նույնիսկ ամենախառը ժամանակներում գիրքն օգնում է, իսկ այս դեպքում՝ նաև պրակտիկ օգնություն կա գումարային տեսքով:

Կորոնան մի կողմից, պատերազմը՝ մյուս: Գրահրատարակչության ոլորտի համար տարին այնքան էլ բարեհաջող չէր: «Մարի» հրատարակչության տնօրենն ասում է՝ տուժել են, բայց չեն հուսահատվել: Մարիամը լավատես է, որ ճակատում հաղթելուց հետո հաղթելու են նաև բիզնեսում.

Մարիամ Մելքոնյան («Մարի» հրատարակչության գլխավոր տնօրեն) - Սա շատ լավ նախաձեռնություն է, որպեսզի ինչ-որ ձևով ակտիվություն ունենանք բիզնեսում, հատկապես՝ գրքարտադրության շուկայում: Նաև շատ լավ միջոց է, հրատարակիչները ևս իրենց մի փոքրիկ մասնակցությունն ունենան՝ հաջակցություն մեր Արցախին, մեր զինվորներին:

Ռազմաճակատում հաղթելու և թիկունքում ակտիվանալու կարևոր ուղերձով գրքի տոնավաճառ եկած հրատարակչությունները վստահ են՝ դեռ նոր գրքեր են գրվելու այս պատերազմի ու նորօրյա հերոսների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում