Սպիտակ խաղաղությունը սև ոսկուց թանկ է. արցախցի կանանց ուղերձը Մեծ Բրիտանիային

ՎՎահե Դավթյան

Նավթը փակել է ձեր բերանը, մի օր կսպառվի: Մի՛ հարստացրեք ահաբեկիչներին, որ հետո ձեզ էլ չկրակեն. Արցախի կանանց կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ էր՝ բերել էին նավթ և արյունոտ թուրքական լիրա՝ վերցրեք, միայն թե աչք մի՛ փակեք ահաբեկչության վրա:

Լիանա Ադամյան - Դուք խուլ նստեք, պաշտպանված երկաթե դարպասներից այնկողմ, և փորձեք ձևացնել, որ չեք լսում մեր ձայնը:

Հոկտեմբերի 29-ին Արցախը նորից վտանգի տակ էր՝ թշնամին Շուշիից հինգ կիլոմետր էր հեռու: Կանայք Բրիտանիային հիշեցրին պատմությունը՝ մեկ դար առաջ իրենց լուռ ներկայությամբ փորձեցին ավերել Շուշին, մորթեցին խաղաղ բնակչությանը: Կոչ արեցին չլռել, նորից չթաթախվել արյան մեջ, ինչպես մեկ դար առաջ:

Լիանա Ադամյան - Մի գիշերում մորթել են 700 հայ, այն դեպքում, երբ բրիտանական սպայակազմը Սուլթան բեկի պատուհաններից լուռ նայում էր արյունոտ խրախճանքին և լռությամբ մասնակցում հանցագործությանը:

Արյունոտ Շուշիի մասին հետագայում բրիտանացի գիտնակաները գրեցին՝ այդ լռությունը դարձավ Ցեղասպանություն:

Վիրավոր է Շուշիի սպիտակ աղավնին՝ Ամենափրկիչը, կենսական նշանակության ենթակառուցվածքները կիսավեր են, զոհեր, վիրավորներ... Բայց պատմությունն է փաստում՝ ամեն ինչ նորից կկառուցվի, նոր սերունդը չպետք է ապրի արյան մեջ: Հայը պարտվել չգիտի, որպես ապացույց պաստառն է՝ երեխայի ճիչը լսվում է պայթյունների ձայնին զուգահեռ:

Լիանա Ադամյան - Դուք մեկ դար է՝ լուռ եք, դուք խուլ եք, մեկ դար է՝ ձեր պատմությունը թաթախված է մեր արյան մեջ:

Ինչու է Մեծ Բրիտանիայի անունից Բրիթիշ պետրոլիումը հայտարարում, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մասնակիցները պահանջում են չհարվածել թիկունքից, կոչ են անում չլռել հանուն նավթի, նորից հիշեցնում են՝ ձեր սև ոսկին մի օր կսպառվի, ճերմակ խաղաղությունն ավելի թանկ է:

Լիանա Ադամյան - Ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, եթե Սիրանը պապանձված, ծնկաչեք ծննդատան առաջ ապագայի մասին է մտածում, հարվածում են մեր ապագային:

Ակցիայի մասնակիցները նամակը նավթի և արյունոտ լիրայի հետ հանձնում են ընդունարան: Ներսից ասում են՝ այս պահին աշխատակից չկա: Կանայք գիտեին, պարզապես ուղերձ ու նվեր էին բերել:

Ցույցի վերջում՝ աղոթք զոհված տղաների և Արցախի համար: Վստահեցնում են՝ Արցախը նորից է ծնվելու, բայց այդ ժամանակ աշխարհը կամաչի և կլինի գլխիկոր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում