Թատերականի բոլոր ընդարձակ տարածքները վերածվել են յուրօրինակ արտադրամասերի. արդեն մասնագիտացել և պատրաստում են ամեն ինչ, ինչն այսօր անհրաժեշտ է բանակին: Ամենաթարմ նորույթը զինվորական վրաններն են. սա առաջին օրինակն է: Ասում են՝ դժվարությամբ, բայց գլուխ բերեցին:

Կամավորական աշխատանքների համակարգող Մարո Փարյանը Միացյալ Նահանգներից հայրենիք է եկել պատերազմն սկսվելուն պես: Առաջին օրերի փոքր նախաձեռնություններն աստիճանաբար ընդարձակվեցին, վերածվեցին մեծ կամավորական շարժման: Հետդարձի տոմսը ձեռքին՝ միայն հաղթանակի մասին է մտածում:

Այստեղ պատրաստված դիմակներն առանձնահատուկ պահպանիչ ուժ ունեն. մի աղջիկ եկել ու ասել է, որ պատրաստ է 40 աղոթք ամեն օր գրել ու կցել դիմակներին, որպեսզի մեր զինվորները հարյուրապատիկ պաշտպանված լինեն: Նույն ընդարձակ սրահում կամավորները միաժամանակ հյուսում են քողարկիչ ցանցեր, պատրաստում դիմակներ և երկու տեսակի պատգարակ:

Առավել ակտիվ են երկու տեսակի զինվորական անձրևանոց պատրաստող կամավորները. պոլիէթիլենայինը համեմատաբար արագ և հեշտ է պատրաստվում՝ մեկ օրում 500-600 անձրևանոց են կարում: Շատ ավելի բարդ է անջրաթափանց կտորով կարելը, որն աշխատատար և ժամանակատար է, իսկ պոլիէթիլենային անձրևանոցներով արդեն յուրօրինակ ռեկորդ են սահմանել:

Վաղ առավոտից արդեն քանի մեքենա տարբեր ուղղություններով այստեղից օգնություն է տարել, գործն այնքան շատ է, որ նրանց ոչինչ չի կարող շեղել, միայն վրդովված փաստում են՝ սոցցանցերում միմյանց քարկոծելը շատ հստակ անուն ունի:

Թատերականի կամավորական ջոկատը մեղվի փեթակի պես աշխատում է, ասում են՝ այսօր ամբողջ ներուժը բանակին, վաղը՝ ազգային մշակույթին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում