Վանաձորը՝ հանուն առաջնագծի

Հանրապետության երրորդ քաղաքն էլ ապրում է պատերազմական օրակարգով՝ շարունակվում են կամավորագրման ու ռազմական նախապատրաստության աշխատանքները: Կրթական հաստատություններն ու այլ կազմակերպություններ ևս իրականացնում են բանակի աջակցության տարաբնույթ աշխատանքներ:

Հեղինե Օհանյան (Վանաձորի բնակիչ) - Ես կամավոր ներկայացել եմ այս գործին մասնակցելու համար: Մեծ սիրով, մեծ եռանդով, ոգևորությամբ ուզում եմ իմ ներդրումն ունենալ Հայրենիքի պաշտպանության գործում, թիկունքում:

Վանաձորի 20-րդ դպրոցում քողարկիչ ցանցեր են գործում: Աշխատանքներին մասնակցում են ուսուցիչներ, ծնողներ, սակայն մեծ թիվ են կազմում աշակերտները:

Մարիանա Աբաջյան (Վանաձորի 20-րդ հիմնական դպրոցի աշակերտ) - Չորս օր է, որ գալիս եմ այստեղ, երկու օր գնացել եմ չորրորդ դպրոց, հենց իմացա, որ ինչ-որ չնչին բանով կարող եմ օգնել մեր զինվորներին, միանգամից եկա, որովհետև ուզում եմ օգնել մեր զինվորներին, ուզում եմ, որ նրանք իմանան, որ նրանց թիկունքն ամուր է, և մենք ամեն ինչ կանենք, որ նրանք հաղթանակած տուն գան:

Արաքսյա Չիլինգարյան (Վանաձորի 20-րդ հիմնական դպրոցի աշակերտ) - Իմ եղբայրը նույնպես ծառայում է, և ես նրան շատ եմ սիրում: Պաչիկներ, բարևներ բոլոր զինվորներին:

Քողարկման ցանցեր գործում են Վանաձորի բազմաթիվ դպրոցներում: Այս աշխատանքներն իրականացնելու համար դպրոցներին օգնում են տարբեր կազմակերպություններ՝ հատկացնելով տարբեր նյութեր:

Կարինե Մարգարյան (Վանաձորի 20-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Ինչով հնարավոր է՝ օգնել ենք: Թղթի թափոն ենք հավաքել, արյուն ենք հանձնել, և այս պահին կարծես թե պաշտպանիչ ցանցերն են կարևոր:

Սկզբում համագործակցել ենք թիվ 4 դպրոցի հետ, այնուհետև, որպեսզի օգնությունը մեծ ծավալի լինի, իրականացրել ենք նաև մեր դպրոցում: Սկզբում դժվարությամբ էինք կտորներ ճարում, որը գնում էինք, ավելի դժվար էր ցանց ճարելը: Ստիպված էինք ցանցը գործել, այնուհետև օգնության հասավ Վանաձորի ավտոդրայվերների ակումբը, որը տրամադրեց թելեր և կտորներ:

Քանի դեռ աղջիկները ցանցեր են գործում, նրանց հասակակից տղաներն էլ որոշել են հետ չմնալ:

Ալեն Կարակաշյան (վանաձորցի դպրոցական) - Եթե զինվորը դիրքում մեզ է պաշտպանում, մենք էլ թիկունքում պետք է նրանց պաշտպանենք, ես որոշեցի, որ պետք է հանգանակենք գումար, բակի երեխաներին զգուշացրի, որ այսպիսով պետք է բանակին օգնենք, և սկսեցինք:

Պատանիների հանգանակած դրամական միջոցներով պիտակներ տպագրեցին և սկսեցին վաճառել քաղաքի փողոցներում: Մեկ պիտակը՝ 100 դրամ: Անցորդները վճարում, սակայն չեն վերցնում պիտակները՝ առաջարկելով դրանք նորից վաճառել: Հանգանակած գումարը փոխանցում են Համահայկական հիմնադրամ:

Հայկ Դունամալյան (վանաձորցի դպրոցական) - Մոտավորապես երեք օր առաջ ուղարկեցինք 240 000 դրամ, չորս օր հետո հավաքեցինք 280 000 դրամ ու հիմա գնալու ենք և ուղարկենք:

Տղաները կշարունակեն պիտակների վաճառքը, բայց հիմա էլ նոր նախաձեռնությամբ են հանդես եկել:

Էդուարդ Մխիթարյան (վանաձորցի դպրոցական) - Նստած էի տանը ու հանկարծ մտածեցի, որ մի բանով էլ մենք կարող ենք օգնել զինվորներին, ոգևորել նրանց, ու այդպես հնարեցի այս երգը:

Չի բացառվում, որ պատանիները դրամահավաքը շարունակեն քաղաքի հրապարակներում՝ կատարելով այս երգը, հանգանակած գումարը կրկին ուղղելով հիմնադրամին, զինվորների աջակցության սուրբ գործին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում