Կամավորներն Արցախից եկած ավելի քան 7000 ընտանիքի ապահովել են սննդով ու հիգիենայի պարագաներով

ՀՀովհաննես Վարդանյան

24-ամյա Յանգմինգ Ֆընգը սովորում է Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: Չինացի ուսանողն արդեն մի քանի օր է՝ միացել է կամավորներին, որոնք փաթեթներ են պատրաստում Արցախից եկած ընտանիքների համար: Օրվա առաջին կեսը դասի է նստում, մյուսն անցկացնում տիկնիկային թատրոնում:

Յանգմինգ Ֆընգ (ԵՊՀ ուսանող) - Ես շատ եմ սիրում Հայաստանը, և, իմ կարծիքով՝ Հայաստանը արդեն իմ երկրորդ տունն է: Հիմա հավաքում են սնունդը՝ 2-4 հոգու համար՝ մի շիշ ձեթ, բրինձ, գրեչկա, ալյուր և շաքարավազ: Շատ կարևոր է, որ մենք օգնում ենք Արցախից եկած ընտանիքներին:

Տիկնիկային թատրոնի առաջին հարկն արդեն 20 օր է՝ վերածվել է հումանիտար օգնության կենտրոնի: Մի անկյունում սնունդ են տեսակավորում, մյուսում՝ հագուստը դասավորում, երրորդում՝ տնտեսական ապրանքն առանձնացնում: Օգնությունը ոչ միայն Հայաստանից է, այլև Սփյուռքից:

Անաիս Սարդարյան (դերասանուհի) - Այս օգնությունը Սփյուռքի և տեղացի հայերի շնորհիվ է հասել այստեղ, որովհետև մենք աշխարհի ամենաբարի ազգն ենք: 

Կամավորներն Արցախից եկած ավելի քան 7000 ընտանիքի ապահովել են սննդով ու հիգիենայի պարագաներով: Մի մասն ուղարկում են Արցախ, մյուսները տեղում բաշխում՝ առաքում ժամանակավոր բնակավայրեր՝ Երևանից մինչև Մեղրի: Անահիտն ասում է՝ շարժումն ինքնաբուխ է ձևավորվել, աջակցողներն ու կամավորներն օրեցօր ավելանում են:

Անաիս Սարդարյան - Գժվելու, ցնդվելու, շշմելու ազգ ենք: Երեխեք են գալիս՝ 15 տարեկան, ասում են՝ շենքի բնակիչների դուռը ծեծելով գումար ենք հավաքել, առևտուր արել:

Կամավորները բաժանվել են խմբերի՝ մի մասը կարիքներն է գնահատում՝ զանգերով հասցեները ճշտում, մյուսներն էլ փաթեթներն ուղարկում տներ: Արցախից եկած ընտանիքներին միայն երեկ 150 տոպրակ են առաքել, յուրաքանչյուրը՝ մեկ շաբաթվա համար է:

Տաթևիկ Սողոմոնյան (կամավոր) - Մոտավորապես 4-5 անձի համար, խնդրեմ: Այն, ինչ հարկավոր է ցանակցած ընտանիքին: Հասցեն ֆիքսվում է, վարորդները՝ առաքում: 

Կամավորները, որ օրվա ընթացքում մի քանի ժամ են քնում, վստահեցնում են՝ սիրով, առանց տրտնջալու են գործն անում, օգնում արցախցիներին. գիտեն՝ ճակատում հաղթելու համար պետք է հաղթեն նաև թիկունքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում