Արցախի ընտանիքները սպասում են հաղթանակի

ՎՎահե Դավթյան

Տնից դուրս գալիս շեփորը միշտ հետն է վերցնում: Նվագում է առանց նոտաներն իմանալու, բավական է մեկ անգամ լսի երաժշտությունը:

Երբևէ չբարձրաձայնած երազանքի մասին պատմում է շեփորի հնչյուններով. կնվագի Շուշիի ամենափրկիչ եկեղեցում՝ խլացնելով թնդանոթների ձայնը:

Արամ Գալստյան - Մենք հաղթելու ենք, մեր բոլոր տղաները՝ Արմանը, Սարգիսը, Արթուրը, բոլորն էնտեղ են, մենք հաղթելու ենք:

Հաղթանակի հարցում կասկած չունեն: Բայց թշնամու ռմբակոծությունից՝ շատերը ստիպված էին թողնել տներն ու ժամանակավոր հաստատվել Արցախից դուրս: Այստեղ լավ է, հոգատար են, բայց իրենք հողին կպած են ապրել, հիմա էլ պատրաստ են Արցախ գնալ, օգնել զինվորներին, միայն թե տղաները չեն թողնում:

Տան տիկինը երեխաների անունները խառնում է՝ սնդիկ են, հանգիստ չեն նստում: Գոհարը նորից է թվարկում՝ Լարիսա, Անգելինա, Կարինե, Ռոբերտ:

Ութ երեխա ունի: Ամուսնության օրն են երդվել՝ 10-ով սեղան նստել: Հոկտեմբերի 2-ին թշնամու հարվածից տունն այրվել է, իրենք նկուղում են եղել, հազիվ են փրկվել: Դիպուկահար ամուսինը երեք եղբայրների հետ առաջնագծում է, իրենք էլ անվտանգ հասել են Երևան:

Գոհար Կարապետյան - Այստեղ շատ լավ է, մեր քույրեր-եղբայրները մեզ շատ լավ են վերաբերվում, միջավայրը այստեղ շատ լավ է, երեխոցը հարցրեք:

Արցախից ժամանած մեր հայրենակիցները բնակվում են հավաքական թիմերի մարզական կենտրոնում: Պետական շինությունը 20 տարուց ավելի օգտագործվում էր անհատների կողմից: Պետական գույքի կառավարման կոմիտեն կառույցը վերադարձրել է պետությանը, այս օրերին դարձրել են ժամանակավոր կացարան:

Բելլա Հակոբյան (Պետգույքի կառավարման կոմիտեի ներկայացուցիչ) - Փորձում ենք ամեն ինչ անել իրենց առօրյան սովորականի պես կազմակերպելու համար, թե՛ ժամանցը՝ տարատեսակ ժամանցային միջոցառումներով, խաղավարներով, համերգային ծրագրերով, երեխաների համար:

Շենքի մի քանի սենյակ կահավորել, մասնագետ-կամավորներն էլ դասավանդում են՝ հայոց լեզու, մաթեմատիկա, անգլերեն: Բարերարներն ապահովել են անհրաժեշտ պարագաներով: Օրական հինգ ժամ ուսուցում, կեսօրից հետո՝ թիմային աշխատանք:

Շուշան Փափազյան (կամավոր) - Շատ լավ իրավիճակ ունենք. երեխաները շփվում են, խմբայիններ ենք անում: Մեզ արդեն ընկեր Շուշանիկ են դիմում, ընկերական հարաբերությունների մեջ ենք:

Սննդով ապահովված են: Կանայք ցուցակ են կազմել, խոհանոցում աշխատում են հերթափոխով: Երեկոյան հավաքվում, որոշում են ճաշացանկը, բաժանում աշխատանքը:

Գայանե Հակոբյան - Մեզ համար չափից շատ ավել է, մնալու տեղը ունենք, սոված չենք, ապահով ենք:

«Ինչի կարիք ունեն» հարցին նույն պատասխանն են տալիս՝ ոչնչի, միայն թե կրակոցները շուտ դադարեն: Այստեղ լավ է, բայց երեխաներն իրենց բակն են ուզում:

Եվ բակում կրկին շեփորի ձայնն է. Արամը նվագում է Երևանի, հետո՝ իր գրած խաղաղության մասին՝ նորից հիշեցնելով երազանքը. նվագելու է վերանորոգված Ղազանչեցոցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում